ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԹՎԻ ԱՆԿՈՒՄԸ /ՃԳՆԱԺԱՄԻ ԱԿՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ/



ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՀԱՅԵՐԸ ԼՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ

20 տարում Հայաստանից մեկնել է 1.5 մլն մարդ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է աշխ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Մաքսիմ Մանասյանը, որն օրերս մասնակցում էր «Միգրացիան գլոբալացված աշխարհում» առաջին տարեկան գիտաժողովին:

-Պարոն Մանասյան, արտագաղթի տեմպերը շատ մտահոգիչ են: Եթե նախկինում միգրացիան կարճաժամկետ բնույթ ուներ, ապա հիմա այն երկարաժամկետ է: Ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը և ի՞նչ միտումներ եք տեսնում:

-Նախ ասեմ, որ 1980-ական թվականների վերջերից Հայաստանում միգրացիայի դրական մնացորդը վերածվեց բացասականի: Այն ավելի սուր բնույթ ստացավ 1990-ականների սկզբին: Միայն 1992-94 թվականներին Հայաստանից հեռացավ մոտ 400-500 հազար մարդ: Շատ մարդիկ այդ ժամանակ, իրենց տները վաճառելով, մեկնեցին երկրից: Ես այդ ժամանակ քաղխորհրդի պատգամավոր էի, ու հիշում եմ, որ Դավիթաշենում տունը հազար դոլարով վաճառում էին, միկողմանի տոմս առնում ու մեկնում: Հիշեք, այդ տարիներին էներգետիկ ճգնաժամ էր, շրջափակում, պատերազմ:

Մոտավոր տվյալներով, վերջին 20 տարում Հայաստանից մեկնել է 1.5 մլն մարդ, հիմնականում՝ մշտական: Ցավոք, պաշտոնական և իրական տվյալները իրարից շատ հեռու է:

Պաշտոնական 2 մարդահամարների տվյալներով, որոնցից մեկը տեղի է ունեցել 2001-ին, մյուսը՝ 2011-ին, Հայաստանի մշտական բնակչությունը պակասել է:

Հայաստանում առկա բնակչությունն այսօր 2,8 մլն է, մշտական բնակչությունը՝ 3 մլն: Եթե հաշվի ենք առնում վերջին 10 տարում Հայաստանում ծնվածների ու մահացածների տարբերությունը, բնական աճը, ապա ստացվում է, որ վերջին 10 տարում (2002-2012) Հայաստանից արտագաղթել է 320 հազար մարդ, տարեկան միջինը 32 հազար մարդ: Վերջին տարիներին այդ ցուցանիշն ավելի բարձր է, անցնում է 40 հազարից:

Պաշտոնական տվյալներով, արտագաղթը 60 հազարի կարգի է: Այսինքն՝ իրական մարդահամարի տվյալները 5 անգամ ավելին են, քան ընթացիկ վիճակագրական պաշտոնական տվյալները:

-Սա արվում է հասարակությանը խուճապի չմատնելո՞ւ համար:

-Արտագաղթի մասին այնքան է խոսվել, որ Հայաստանում ոչ ոք այլևս չի հավատում պաշտոնական տվյալներին: Գուցե դա կա, բայց ես ուզում եմ խոսել պատճառների ու հետևանքների մասին:

Ցավոք, նոր միտում է նկատվում, որ հեռանում են ընտանիքներով, և նոր միտում է նաև կանանց միգրացիան: Առաջ գնում էին աշխատունակ տղամարդիկ, այսօր՝ նաև կանայք և ընտանիքները: Իհարկե, միգրացիայի հիմնական պատճառները սոցիալ-տնտեսական վիճակն է, աղքատությունը, ցածր աշխատավարձը, գործազրկությունը, բայց դրան պիտի գումարել նաև արդարության պակասը, հեռանկարի բացակայությունը, կոռուպցիան, այս երկրում իրենց ապագան չեն տեսնում երիտասարդները: Այսինքն՝ մեծանում է նաև ոչ սոցիալական գործոնների դերը:

-Մաքսային միության անդամակցությունը, Ձեր կարծիքով, կարագացնի՞ միգրացիան, թե՞ հակառակը:

-Ես, ցավոք, այդ գործընթացում նախկին Խորհրդային միության հողերի վերամիավորման վտանգավոր միտումներ եմ տեսնում: Տեսեք՝ Ռուսաստանը որքան է հեշտացրել նախկին ԽՍՀՄ տարածքի բնակչությանը ՌԴ քաղաքացիություն տալու գործընթացը: Առանց այն էլ միգրացիան շատ խոր հետևանքներ է թողել, ազգը ծերացած է, երիտասարդները հեռանում են, և այս պայմաններում մեր լավագույն մասնագետներին հրապուրում են գնալ Ռուսաստան: Այնպես որ, իմ կարծիքով, ՄՄ-ին անդամակցելու գործընթացն ավելի է արագացնելու արտագաղթը: Ես մեր ապագան տեսնում եմ միայն Հայաստանի զարգացման մեջ:

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:

 

Աղբյուրը՝ http://www.1in.am/1277700.html


Էջի Դիտումներ - 629

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրատարակվելու։ Լրացման պարտադիր դաշտերը նշված են *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>