ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԹՎԻ ԱՆԿՈՒՄԸ /ՃԳՆԱԺԱՄԻ ԱԿՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ/



ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՀԱՅԵՐԸ ԼՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Օլիգարխիայի կողմից ղեկավարվող վիրտուալ պետություն

Berge-Minassian

Դոկտոր Պերճ Մինասյան, «Հայկական Վերածնունդ» շարժման անդամ, Տորոնտո, Կանադա, 28-ը օգոստոսի, 2014թ.

Ժողովրդավարական համակարգերում կառավարությունն իրենից ներկայացնում է մարդկանց կողմից ընտրված թիմ և նույն կառավարության կողմից աշխատանքի վերցված պետական ծառայողների խումբ, ովքեր իրենց հերթին պետք է մարդկանց բարեկեցությանը և կայուն ապագային նպաստող նոր օրենքներ հաստատեն և ապահովեն դրանց կիրարկումը: Սովետական Միության անսպասելի փլուզումից հետո Հայաստանը դեռևս պատրաստ չէր նման համակարգ ստեղծելուն: Այդ ժամանակ ստեղծվեց մի իրավիճակ, երբ ուժն ու իշխանությունը կենտրոնացավ մի խումբ մարդկանց ձեռքերում, ովքեր շուտով հասկացան, որ փողն ինքնին իրենից ուժ է ներկայացնում:

Որտեղի՞ց էր այդ գումարը գոյանալու: Առաջին հերթին նման գումարներ ստեղծելու աղբյուր էր դիտվում մարդկանց համար նախատեսված միջոցները: Շատ կարճ ժամանակում կլանային կոալիցիա գոյացավ, և արդյունքում ստեղծվեց օլիգարխիկ կառավարման համակարգ: Իշխանությունն իրենց ձեռքերում կենտրոնացնող խմբի ներսում առավել ուժեղ դիրք ունեցողներն էլ ավելի էին փորձում հաստատվել և կայուն դարձնել իրենց դիրքերը, ինչն արվում էր մարդկանց միջոցներն էլ ավելի թալանելու միջոցով: Արդյունքում օլիգարխիկ համակարգի էությունը բավականին բարդ կառուցվածք ձեռք բերեց: Այսպիսով, արդյունքում խորհրդարանում հայտնված ամենախոշոր ընդդիմադիր ուժերի անդամներն իրենք նույնպես իշխանությունը վերահսկող խմբի անդամներ են հանդիսանում:

Ներկայումս գործում է հիերարխիայի՝ միմյանց փոխարինող համակարգ, որի օգնությամբ իշխանությունը վերահսկող ուժերը քաղաքական երկխոսության պատրանք են ստեղծում: Հայնտի չե, թե իշխանությունն իրենց ձեռքերում կենտրոնացրած այս մարդիկ ինչ ազգային «զգացմունքներ» կամ ինչ հայրենասիրական մղումներ ունեն, սակայն եթե ենթադրենք, որ ունեն, ապա ամեն դեպքում իրենք հայտնվել են «ամեն ինչ, կամ ոչինչ» անելանելի շրջանի մեջ, որից ազատվելու գինը բավականին բարձր է իրենց և իրենց ընտանիքների համար: Այսպիսով, ստացվում է, որ ինքն իր նեղ խմբային շահերի համար ծառայող օլիգարխիկ համակարգը վերարտադրում է ինքն իրեն, որի ուղիղ հետևանքն այն է, որ երկիրը կառավարություն չունի: Այլ կերպ ասած, քաղաքացիները չունեն իրենց կողմից կոլեկտիվ կերպով ընտրված թիմ, որը կարող էր իրագործել իրենց կոլեկտիվ նպատակները:

Կոլեկտիվությունն այս դեպքում (որպես ազգ) չունի մեկ ղեկավարող գլուխ, չունի ղեկ և իր մասնիկների միջև օրինաչափ փոխկապակցվածություն: Այսպիսով, ստացվում է, որ ժամակավորապես չկա կոլեկտիվություն (որպես ազգ): Իրավիճակն ավելի վատ է, քանի որ ինքն իրեն կերակրելու համար «գլուխը» պետք է գողանա «մարմնից» (ապա այլապես ինչպե՞ս այն կարող է սնուցել իր ուժը պահելու աղբյուրը): Այս իրավիճակի արդյունքում հայ ծնողները երեկոյան անքուն ժամեր են ակցկացնում իրենց անկողնում՝ մտածելով իրենց երեխաների ապագայի մասին, քանի որ նրանք իրենց չեն համարում այնպիսի մի խմբի լիարժեք անդամ, որն այդ խմբի այլ անդամների հետ համատեղ միահամուռ ուժերով կարող է լավ ապագա կառուցել այդ խմբի բոլոր երեխաների համար: Ինչքան երկար այս իրավիճակը շարունակվի, այնքան խորն է մարդկանց գիտակցության մեջ արմատավորվելու այն թյուր կարծիքը, թե «մեկ ազգի» գաղափարն առասպել է:

Ստորև բերված է օրինակ իմ մասնագիտական ոլորտից՝ առողջապահական և բժշկական գիտությունների կրթական ոլորտներից: Ոլորտի կառուցվածքը բոլոր ասպարեզներում նույնկերպ է դասավորված: Չկա ակրեդիտացիայի համակարգ հիվանդանոցների համար, և բժիշկները նույնպես պատշաճ կերպով լիցենզավորման չեն ենթարկվում: Այս տարի Հայաստանի բժշկական ոլորտը կունենա Կանադայի Օնտարիո նահանգի բժշկական ոլորտի շրջանավարտների թվի կիսով չափ շրջանավարտներ (Հայաստանում կավարտեն ավելի քան 500 շրջանավարտներ, մինչդեռ Օնտարիոյում շրջանավարտների թիվը չի անցնում 1000-ը), չնայած այն փաստին, որ Հայաստանի բնակչության թիվը շուրջ յոթն անգամ զիջում է Օնտարիո նահանգի բնակչության թվին: Հայաստանում կան այնքան բժշկական կրթահամալիրներ, ինչքան Օնտարիո նահանգում: Հայաստանյան այդ կրթօջախներից մեկն է Մ. Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարանը, որն իսկապես լավ համալսարան է (էր): Մնացած կրթօջախներն այս կամ այն օլիգարխի հովանու ներքո գործող միավորներ են: Նրանց կողմից տրամադրվող կրթության որակը հուսադրող չէ, իսկ նրանց «շրջանավարտները» փող ունեցող երիտասարդներ են, ովքեր հավասար պայմաններում կլինիկական օրդինատուրա են անցնում Հերացու անվան համալսարանում պատշաճ կրթություն ստացած շրջանավարտների հետ:

Ցանկացած նորմալ երկրում կլինիկական օրդինատուրա անցնողները վարձատրվում են իրենց աշխատանքի համար: Հայաստանում, սակայն, կլինիկական օրդինատուրա անցնողներն իրենք են հիվանդանոցներին վճարում: Օրդինատուրայի ծրագիրն ավարտելու իրավունքը սերտորեն կապված է այդ կրթական ծրագրում անցկացրած տարիների թվի հետ, և այսքանով ամեն ինչ սահմանափակվում է: Օրինակ, ինչ-որ մեկը կարող է երեք տարի անցկացնել վիրաբուժական մասնագիտությամբ, սակայն այդ երեք տարիների ընթացքում չունենալ և ոչ մի հիվանդ, և այնուամենայնիվ ավարտել մյուսների հետ հավասար պայմաններով:

Տարիներ առաջ, երբ հիմնական բժշկական համալսարանի (Հերացու անվան) ռեկտորը թոշակի անցավ, մի հիանալի նոր ռեկտոր նշանակվեց: Նոր ռեկտորի ամուսինը միջին մասշտաբի օլիգարխ էր: Նոր ռեկտորն, այնուամենայնիվ, ինչ-որ մի դրական բան ուներ իր սրտում: Նա ստեղծեց ռեկտորի տեղակալի նոր հաստիք՝ մի գերազանց աշխատանքային ուղղություն, որի նպատակը պետք է լիներ ամբողջ համակարգը նորոգելու առաքելությունը: Այս նախաձեռնությունը հաջողության չհասավ գործող օլիգարխիկ համակարգի պայմաններում: Այս նոր գրասենյակի կողմից իրականացվող կրթական ծրագրերի փոփոխությունները, ակրեդիտացիայի և լիցենզավորման ընդունման նախաձեռնությունները հանկարծակիորեն դադարեցվեցին: Այդ ժամանակ ռեկտորին փոխարինեցին նոր ռեկտորով, ինչից հետո Հերացու անվան համալսարանը և իր կրթական հիվանդանոցը անկում են ապրում:

Ի դեպ, եկեղեցին նույնպես հիվանդանոց ունի: Բոլորովին վերջերս այս հիվանդանոցում բժշկական բաժնի տնօրենի պաշտոն էր բացվել, և առաջին հայացքից բաց մրցակցային գործընթաց էր նախաձեռնվել այդ հաստիքի լրացման նպատակով: Մարդիկ ինքնակենսագրականներ էին ուղարկում, հարցազրույցների էին մասնակցում, և գերազանց թեկնածուների ցանկ էր կազմվել… և ամենավերջին պահին, Կաթողիկոսը միջամտեց և ասաց, որ այլ ծանոթ մարդ կա այդ տեղի համար… ով պետք է ընդունվի աշխատանքի այդ տնօրենի պաշտոնում:

Ես շատ մարդկանց եմ ճանաչում Հայաստանում, սակայն չեմ ճանաչում ոչ մեկի, ով վերը նշվածից տեղյակ չլինի: Ինչպե՞ս են նրանք այսպիսի երևույթներին արձագանքում: Նրանցից շատերը, հասկանալի պատճառներով, թողնում հեռանում են: Նրանցից քչերը օլիգարխների հովանու ներքո ինչ-որ կերպ իրենց գոյությունն են պահպանում: Նրանցից քչերն են, որ մեր ազգի համար իրական մարմնավորում են հանդիսանում: Այս տեսակի մարդիկ ինչ-որ կերպ հաղթահարում են իրենց վախը: Իրենք իրենց մեջ արթնացնում են մեր՝ հազարավոր տարիների մշակույթի ոգին և չեն համաձայնվում ընդունել իրենց պարտությունը: Չնայած դժվարություններին, նրանք հույս ունեն և չեն մեկնում: Նրանք միանում են քաղաքացիական հասարակության շարժումներին, ինչպիսին, օրինակ, «Նախախորհրդարան» շարժումն է, և անում են իրենց ուժի սահմաններում ամեն ինչ (միայնակ կամ փոքր խմբերով, առանց ուժի և գումարների) այս ազգը փրկելու համար:

Ես շատ մարդկանց եմ ճանաչում սփյուռքում, և նաև նրանց շարքերում ճանաչում եմ մարդկանց, ովքեր դեռևս վերը նշվածի մասին շատ բան չգիտեն: Սակայն, նման մարդկանց թիվը գնալով փոքրանում է: Սփյուռքի ղեկավարությունը, անշուշտ, գիտի այս ամենը: Սակայն, հարցն այս դեպքում այն է, թե ինչու՞ են սփյուռքի ղեկավար անձինք գրկաբաց ընդունում (բառիս բուն իմաստով) օլիգարխիկ համակարգը:

Ինչքանո՞վ ենք մենք, որպես ազգ, հաջողակ: Մենք այնքան էլ հաջողակ չենք: Մենք ամեն տարի 100,000 մարդ ենք կորցնում մեր հայրենիքից: Արդյո՞ք մենք կարող ենք այնպիսի հարստություններ ստեղծել, որոնք մարդկանց կպահեն Հայաստանի ներսում և չեն թողնի, որ հեռանան: Իհարկե՝ ոչ: Արդյո՞ք կարող ենք ինքներս մեզ ավելի լավ կառավարել: Այո, սակայն մենք պետք է առաջին հերթին կառավարություն ունենանք: Մենք պետք է այլևս չձևացնենք, թե կառավարություն ունենք: Մենք պետք է դադարեցնենք սուտ խոսելը: Այլևս քիչ են այն մարդիկ, ում կարելի է խաբել, իսկ սփյուռքի ղեկավար անձինք գնալով ավելի ու ավելի ծիծաղելի են դառնում: Իսկ ո՞վ ենք մենք՝ այն շարքային սփյուռքի հայերը, ովքեր ընդունում են սա:

Հիմնական զանգվածային լրատվամիջոցները և՛ Հայաստանում, և՛ սփյուռքում, կառավարվում են Հայաստանի կառավարության և սփյուռքի ղեկավարների կողմից (համապատասխանաբար): Նրանք ամենուր սուտ են տարածում: Այս ամենի մեջ ամենատգեղ տեսքը հենց մեր տեսքն է, երբ մենք եկեղեցիներում և համայնքային սրահներում այս ամենին ոտնկայս ծափահարում ենք… Դատարկ խոսքեր, որոնք ծիխաղելի են թվում, չունեն ոգի, սիրտ, և մենք այդ ամենին ծափահարում ենք: Սակայն այդ մահու չափ անձայն լռությունն ու մեջքից ստացած հարվածները մեզ նորից ու նորից բերում են այն հիմնական հարցին, թե ո՞վ ենք մենք՝ այն մեծ ուղևորության սիրտը, որը մեզ բերել հասցրել է այստեղ:

Միայն Աստված գիտի, թե ինչերի միջով են անցել մեր ֆիդայիններն Արևմտյան Հայաստանի լեռներում՝ մահվան քարավաններից թեկուզ մի քանի հոգու կյանք փրկելու համար: Միայն Աստված գիտի, թե ինչ զրկանքների, բռնաբարության և հալածանքի միջով են անցել մեր երիտասարդ կանայք, ովքեր, չնայած այդ ամենին, ինչ-որ կերպ կարողացել են գոյատևել և մեզ լույս աշխարհ բերել նախքան հեռանալը, սակայն լի հույսով ու հավատով, որ իրենք իրենցն արել են, և մենք արդեն մերը կանենք, և չարը չի հաղթի, և ազգը կգոյատևի…

Ժամանակն է, որ բացենք մեր աչքերը: Ժամանակն է, որ մենք արդար դառնանք: Ժամանակն է, որ մենք լրջանանք: Ժամանակն է, որ դադարենք վախենալ:

Իմ միտքը կավարտեմ՝ մեջբերելով մի հատված Գրիգորիս Պալագեանի՝ «Հայկական Գողգոթա» գրքից: Սրբազան Պալագեանն իր՝ մահվան ճանապարհին (որից հրաշքով փրկվեց), տեղահանվածների մի փոքր խմբի հետ հայնվեց մի վայրում: Նա գրել է (թարգմանությունը՝ Փիթր Պալագեանի և Արիս Սևակի).
«Մի պահ, անցնելով այդ տառապանքի միջով, մենք կորցրեցինք մեր հավատը: Մենք ինքներս մեզ հարցրեցինք, թե ինչու՞ ենք մենք ապրում, և թե ու՞մ համար ենք ապրում… Սակայն, անսպասելի կերպով մեր առաջ հառնեց կյանքի բոցավառ կրակը, և ուժ տվեց մեր մաշված քայլերին: Ո՛չ, ո՛չ, ընդհակառակը, անհրաժեշտ էր ապրել ամեն գնով… Ամենից կարևորն այն էր, որ կարողանայինք ողջ մնալ և տեսնել հայ ժողովրդի վերածնունդը»:

Աղբյուրը՝ Դոկտոր Պերճ Մինասյան, Keghart.com , 28-ը օգոստոսի, 2014թ.
Նյութի սկզբնաղբյուրը՝ http://www.keghart.com/Minassian-State


Էջի Դիտումներ - 745

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրատարակվելու։ Լրացման պարտադիր դաշտերը նշված են *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>