ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԹՎԻ ԱՆԿՈՒՄԸ /ՃԳՆԱԺԱՄԻ ԱԿՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ/



ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՀԱՅԵՐԸ ԼՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Երկրից արտագաղթողները ՀՀ իշխանություններին ուղերձ են հղում օդանավակայանից

GalaTV

Չնայած ՌԴ միգրացիոն օրենքներում կատարված վերջին փոփոխություններին, Հայաստանից ՌԴ արտագնա աշխատանքի կամ մշտական բնակության մեկնող հայերի թիվը հիմա էլ քիչ չէ: Փորձում են օգտագործել բոլոր հնարավոր տարբերակները, լուծել փաստաթղթային խնդիրներն ու մեկնել երկրից: Իսկ ՌԴ-ում գրանցում ունեցող որոշ քաղաքացիներ փորձում են կարգավորել իրենց ընտանիքի անդամների տեղափոխությունը: Հայաստանում նորմալ ապրելու հեռանկարներ չեն տեսնում, աշխատանք չկա, սոցիալական պայմանները գնալով առավել մտահոգիչ են դառնում: Միակ կապող բանը հայրենիքին կարոտն է: «Իհարկե դժվար է ընտանիքից կտրված, թողնել գնալ, որ հացի փող աշխատես, բայց ինչ արած, այլ ելք թողե՞լ են, չկա ուրիշ տարբերակ: Երեխեքս սոված են, սոված, ես իրանց կողքերը սոված նստելու փոխարեն կերթամ իմ քանիմ կոպեկս կաշխատիմ գուկամ»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշել է արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացիներից մեկը:

Սակայն ոչ բոլորն են ժամանակավոր լքում երկիրը: Մի մասը մշտական բնակության է մեկնում, մյուսներն էլ պատմեցին, թե ընտանիքով են հեռանում Հայաստանից:

«Գնում եմ ու մշտական, մի ամսից կնոջս էլ կտանիմ, գործ կա իմ համար նախատեսած, տուն գտել եմ արդեն, էլ ստեղ գամ ինչ անեմ: Ճիշտ է, սկզբում դժվար կլինի հարմարվելը, բայց թե ոչինչ, ամեն ինչ ժամանակավոր է:

Մենակ իմ համար ամենադժվարը կլինի էն, որ երեխեքիցս հեռու կլինեմ, կարոտը դժվար բան է, բայց լավ էղավ երեխեքիս էլ չեմ թողնի մնան էստեղ»,- նշել է ՌԴ մշտական բնակության տեղափոխվող քաղաքացիներից մեկը:

Նրանք անդրադարձել են նաեւ օրերս Սերժ Սարգսյանի կողմից հրապարակված արտագաղթի ցուցանիշներին, որոնք նա անհանգստացնող չէր համարել ու նշել էր, թե ամեն ինչ արվում է քաղաքացիների ներգաղթը խրախուսելու համար: Երկրից հեռացողները խորհուրդ են տալիս Սերժ Սարգսյանին այցելել օդանավակայան ու ծանոթանալ, թե իրականում ինչ է կատարվում: «Իհարկե իրանց համար ինչ արտագաղթ, ամեն ինչ շատ լավ է, մարդիկ կուշտ են, հիանալի են ապրում,  բայց գնում են երկրից: Չեն ընդունե իրականությունը, իրանք լավ կապրին, դրա համար էլ ժողովրդի մասին ինչ պետք է, որ մտածեն: Բայց համոզված եմ, որ էս արտագաղթը կազմակերպողը հենց իշխանությունն է: Մենք էլ գնում ենք էլի, կապող միակ բանն էս երկրին մեր մարզի Ղազանչվա ջուրն է»,- նշել է արտագաղթող համայնքաբնակներից մեկը:

Օդանավակայանում սակայն հակասական տրամադրություններ են: Մի կողմում հուզմունք, տխրություն եւ մտածկոտ հայացքներ, իսկ մյուսում՝ առանձնակի ոգեւորություն՝ հարազատներն ընդունում են ՌԴ -ից վերադարձողներին: «Մենք հյուր էինք գնացել ՌԴ, ավելի ճիշտ՝ հարսանիքի հրավեր էինք ստացել, մի քանի օրով գնացինք եկանք ու հիմա նոր զգում ենք, որ մենք էստեղ չենք ապրում, մենք ուղղակի գոյատեւում ենք: Էս չարքաշ կյանքին մենակ հայը կարող է դիմանալ: Էս ջարդ է, որ իրականացնում են մեր նկատմամբ, սոված են պահում մեզ բառի ուղիղ իմաստով: Հիմա ես էլ արդեն մտածում եմ՝ մի հնար գտնեմ ընտանիքով գնանք»,- մեր լրագրողին փոխանցել է ՌԴ-ից վերադարձած քաղաքացիներից մեկը:

Սակայն մեկնող ու վերադարձող քաղաքացիների ցանկությունները նույնն են, նրանք ակնկալում են մոտ ապագայում Հայաստանում տեսնել տնտեսության առաջընթացին միտված իրական քայլեր, սոցիալական բեռի թեթեւացում, հակառակ պարագայում դեռ շատ-շատերը կընտրեն ճամպրուկը հավաքելու եւ երկրից հեռանալու ճանապարհը:

Հերմինե Մկրտչյան

Աղբյուրը՝ http://galatv.am/hy/news/rkric-artagaghtoghnery-ishxanutyunnerin-ugherd-en-hghum-odanavakayanic/


Էջի Դիտումներ - 691

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրատարակվելու։ Լրացման պարտադիր դաշտերը նշված են *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>