ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԹՎԻ ԱՆԿՈՒՄԸ /ՃԳՆԱԺԱՄԻ ԱԿՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ/



ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՀԱՅԵՐԸ ԼՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Արտագաղթի ծավալները չեն նվազում

2014 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին օդային ճանապարհով մեկնածների և ժամանողների թվի բացասական հաշվեկշիռը կազմել է շուրջ 40 հազար մարդ (հաղորդում է «168 Ժամ» թերթը):

Նշված ժամանակահատվածում «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանները սպասարկել են 1 մլն 781 հազար 668 ուղևոր, ինչը շուրջ 325,168 ուղևորով կամ 22,3 տոկոսով ավելի է 2013 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշի նկատմամբ: Հաշվետու ժամանակաշրջանում մեկնողների թիվը կազմել է 910,789 ուղևոր (742,886 ուղևորի փոխարեն 2013 թվականի նույն ժամանակաշրջանում), իսկ ժամանել է 870,879 ուղևոր (713,614 ուղևոր՝ 2013-ին): Մեկնողների և ժամանողների բացասական հաշվեկշիռը կազմում է 39,910 մարդ: Մեկնած ուղևորների տեսակարար կշիռը ընդհանուր ուղևորափոխադրումների մեջ կազմում է 51 տոկոս, ինչը համադրելի է 2013 թվականի նույն ժամանակաշրջանի ցուցանիշի հետ՝ 51,1 տոկոս:

2014 թվականի ԱՄՆ «Գրին քարտ» խաղարկությամբ ներգաղթային արտոնագիր տրամադրվել է մոտ 1,200 ՀՀ քաղաքացու՝ ներառյալ ընտանիքի անդամները (հաղորդում է «Հրապարակ» թերթը)։

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, «Գալա» լրատվականի փոխանցմամբ, ասել է, որ մշտական բնակության նպատակով Հայաստանից արտագաղթի ծավալներն այս տարի նույնպես աճել են, գլխավորապես՝ Ռուսաստան: Նա նշել է, որ 2014թ-ին 13 հազարից ավելի մարդ ՀՀ քաղաքացիությունից հրաժարվել է, ամենայն հավանականությամբ ՌԴ քաղաքացիությունն ընդունելու կապակցությամբ, քանի որ շատ այլ երկրներ, ուր նրանք գնում են, իրենց կացությունն օրինակացնելիս ներգաղթողներին չեն պարտադրում հրաժարվել իրենց նախկին քաղաքացիությունից, կամ դրա անհրաժեշտությունը չի առաջանում:

«Որակական փոփոխություն կա նաև արտագաղթի պատճառներում: Մասնավորապես, վերջին գոնե երկու ընտրությունները՝ նախագահական և պառլամենտական, արտագաղթի տեմպերի և որակի վրա չեն ազդել, ի տարբերություն դրանից առաջ տեղի ունեցած ընտրությունների, երբ ընտրությունների հետ հույսեր կապող և հիասթափվողներն էին գնում: Վերջին հինգ տարիներին արդեն ընտրությունների և ընդհանուր համակարգի վրա ազդելու հեռանկարներ մարդիկ չեն կապում, դա չի ազդում արտագաղթի տրամաբանության վրա, փոխարենը անհուսությունն ու անկարողությունն են երկրում մեծանում: Կարծում եմ, որ մարդիկ հստակ հասկանում են, որ բևեռներն այնքան կարծր են ձևավորվել, որ շատ դժվար է փոփոխությունը մի բևեռից գոնե մոտենալ մյուսին, և ուղղակի արտագաղթում են, այսինքն որակական փոփոխություն կա արտագաղթի տրամաբանության մեջ», կարծում է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:

Նա համոզված է, որ արդարության վերականգնումը շատ բան կփոխի այս հարցում: «Զգալի փոփոխություն կարող է լինել միայն մի պարագայում, երբ որ դատարանը մեր մոտ աշխատի օրենքով», նշել է Հրանուշ Խառատյանը:

———————————————————
Տեղեկատվության աղբյուրները.

Թունյան, Բ. (11-ը նոյեմբերի, 2014թ.): «Օդային ճանապարհով մեկնածների և ժամանողների բացասական հաշվեկշիռը՝ շուրջ 40 հազար մարդ»: 168 Ժամ: Դիտվել է հետևյալ կայքից. «http://168.am/2014/11/11/425388.html»: Վերջին անգամ դիտվել է 2014թ. նոյեմբերի 21-ին:

19-ը նոյեմբերի, 2014թ.: «Հրապարակ». 2014 –ին «Գրին քարտ» ստացած ՀՀ քաղաքացիների իրական թիվը»: Tert.am առցանց լրատվական կայք: Դիտվել է հետևյալ կայքից. «http://www.tert.am/am/news/2014/11/19/hraparak3/»: Վերջին անգամ դիտվել է 2014թ. նոյեմբերի 21-ին:

Մկրտչյան, Հ.: «Մեկ տարվա ընթացքում 13 հազար մարդ հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից՝ դառնալով ՌԴ քաղաքացի»: «Գալա» լրատվական: Դիտվել է հետևյալ կայքից. «http://galatv.am/hy/news/ek-tarva-yntacqum-13-hazar-mard-hrajharvel-e-qaghaqaciutyunic-darnalov-qaghaqaci/#.VGjCeWQLW_0.facebook»: Վերջին անգամ դիտվել է 2014թ. նոյեմբերի 21-ին:


Էջի Դիտումներ - 531

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրատարակվելու։ Լրացման պարտադիր դաշտերը նշված են *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>