ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԹՎԻ ԱՆԿՈՒՄԸ /ՃԳՆԱԺԱՄԻ ԱԿՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ/



ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՀԱՅԵՐԸ ԼՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Արտագաղթի իրական պատճառներն ու սփյուռքի հնարավորությունները

Հազարավոր հետազոտություններ կան, որոնք փորձում են բացատրել արտագաղթի պատճառները։ Դրանցից 1–ն ասում է աշխատանք չկա, մյուսն էլ, թե անարդարություն է, մեկ ուրիշն էլ` ապագա չեն տեսնում, 1–ն էլ այս բոլորը միասին և էլի նոր բաներ: Դրանք հիմնականում նկարագրողական հետազոտություններ են, որոնք ցույց են տալիս ինչպիսի վիճակ է, երբեմն բացատրում են, թե ինչու է նման վիճակ, բայց քչերն են բացատրում` ինչպես լուծել խնդիրը…

Այդ հետազոտությունները գուցե որևէ բան բացահայտում են, սակայն այդպես էլ չեն կարողանում վեր հանել արտագաղթի իրական պատճառները։ Մեզ թվում է գիտենք արտագաղթի իրական պատճառները։ Որպես մասնագետ կարող եմ ասել, որ չգիտենք, եթե իմանայինք կդադարեցնեինք։

Հայաստանից արտագաղթը չի դադարելու, քանի դեռ չենք հասկացել 3 պարզ ԲԱՆ։ 3 խնդիր, որոնք լուծելուց հետո ամեն ինչ տեղը կընկնի, իսկ այդ հազարավոր հետազոտությունները կարելի կլինի վառել…

Արտագաղթը չի դադարելու, քանի դեռ. 
1. Չենք հասկացել արտագաղթի իրական պատճառները։
2. Չենք հասկացել տնտեսություն ինչպես է աշխատում։
3. Չենք հասկացել համաշխարհային շուկայում փողերն ինչպես են պտտվում։

Ասում ենք գնում են, որովհետև աշխատանք չկա։ Իսկ ինչու՞ աշխատանք չկա…

Աշխատանք չկա, որովհետև աշխատանք ստեղծող չունենք։

Աշխատանք ստեղծող չունենք, որովհետև մարդկանց երևակայությունն սպասարկման ոլորտից ու ներմուծումից այն կողմ չի թռչում։ Իսկ շուկան այնքան մեծ չի, որ բոլորը դրանով զբաղվեն և ի վերջո ամբողջ տնտեսությունը չի կարող միայն սպասարկման ու ներմուծման վրա հիմնվել։ Եթե բոլորն սպասարկող լինեն, ո՞վ է լինելու սպասարկվողը։

Բոլորը միայն ներմուծման մասին են մտածում, գրեթե ոչ ոք չի մտածում գոնե արտադրելու, էլ չեմ ասում արտահանելու մասին։ Իսկ մտածողներն էլ հնարավորություն չունեն, դե որոշներն էլ ունեն, սակայն սխալ բիզնեսվարման արդյունքում նրանց գործունեությունը կարճ է տևում։

Երբ ամեն ինչ ներմուծում ենք, երկրի փողերը դուրս են գալիս ու մի օր դրանք վերջանում են։ Եկեք մի քանի խոշոր կազմակերպությունների օրինակով պատկերացնենք, թե որքան գումար է դուրս գալիս մեր երկրից. «Газпром», «CocaCola», «SNIKERS», «MARS», «Nestle», «Orbit», «Beeline», «MTS», էլ չեմ ասում, թե որքան գումարներ են դուրս գալիս ավտոմեքենաների շուկայի և այլ գիգանտ կազմակերպությունների միջոցով, իսկ շարքը շարունակելը Ձեզ եմ թողնում…

Ի վերջո այդ փողերը ետ բերել է պետք։ Քանի որ մենք էլ արտադրանք չունենք, մարդկանց ենք ուղարկում` ետ բերելու։

Հենց սա է պատճառը, որ Հայաստանից արտագաղթ կա և տնտեսության զգալի մասը տրանսֆերտների վրա է նստած։

Գուցե կոպիտ հնչի, բայց մեր ապրանքը, մեր միակ արտադրանքն էլ մարդն է. մեր ունեցած միակ ռեսուրսը, որը սակայն, այդքան էլ տեղին ու նպատակային չենք օգտագործում։ Փոխանակ նրանց միջոցով արտադրանք տանք և դա ուղարկենք օտար երկրներ, այդ մարդկանց ենք ուղարկում` նրանց զրկելով իրենց երեխաների առաջին թոթովանքներն ու քայլերը վայելելու բերկրանքից, ինչպես նաև հայրենիքում ապրելու և արարելու իրավունքից ու հպարտությունից։

Այն ժամանակ, երբ մեր պետությունն արտահանելու նպատակով բիզնեսներին լայն արտոնություններ կտա, իսկ բիզնեսները կսկսեն նորմալ ու որակյալ արտադրանք տալ և դա հանել երկրից դուրս, և ուրիշ երկրների փողերը կբերեն մեզ մոտ, այդ ժամանակ էլ արտագաղթը կդադարի…

Նման օրինակ կա. ԳՐԱՆԴ ՀՈԼԴԻՆԳԸ` մեծ արտահանում ունի, որի արդյունքում նրա աշխատողների թիվը կազմում է մի քանի հազար…

Սրա համար շատ բան պետք չէ, պարզապես մի փոքրիկ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ, որն արմատախիլ կանի մինչ այժմ ձևավորված տնտեսական կարգը և Հայաստանի տնտեսությունը նոր հիմքերի վրա կդնի։ Սա ամենևին էլ ուտոպիա չէ, քանզի սրա վառ վկայությունը Ճապոնիան է։ Պետություն, որը 2–րդ համաշխարհային պատերազմից հետո կարողացավ ընդամենը 2-3 տասնամյակում քանդված ու քայքայված տնտեսությունից վերածվել աշխարհի 2–րդ տնտեսության…

Մենք ունենք հսկայական կարողություններով սփյուռք և ոչ պակաս ռեսուրսներ Հայաստանում։ Այս երկու ռեսուրսների համախմբումը և դրանց ճիշտ օգտագործումը կարող է մեզ համար աշխարհի տնտեսության մեջ լուրջ ու ծանր դիրք ապահովել։ Դիրք, որի հետ շատ շատերն ստիպված կլինեն հաշվի նստել։

Պարզապես պետք է ճիշտ օգտվել այդ հնարավորություններից, հակառակ դեպքում սփյուռքը կարող է խռովել հայրենիքից։ Հետևաբար այս համախմբումը չպիտի լինի միայն հայրենիքի համար, այն պիտի լինի նաև սփյուռքի համար։ Պետք չէ նրանց ասել, եկեք այստեղ ասֆալտ փռեք կամ էլ բանկերում ամեն մեկդ 500 $ գումար գցեք։ Պետք է ասել եկեք ու Ձեր բիզնեսներն այստեղ հիմնեք` Աֆրիկայի կամ ԱՄՆ որևէ նահանգի փոխարեն։ Եվ պետք է այնպիսի պայմաններ ստեղծել, որ նրանք ևս ցանկանան դա անել։ Վերջապես խոսքը բիզնեսի մասին է։ Որքան էլ մարդը սիրի իր հայրենիքն ու պապերի երկիրը, ի վերջո գոյություն ունի նաև շահ։ Ամեն մեկն էլ 1 կամ 2 անգամ բարեգործություն կանի, բայց ոչ ամբողջ կյանքում։ Առանց երկար վարանելու կարող ենք բերել ամենավառ օրինակին` լուսահոգի Քրքորյանին։

Հայության ռեսուրսները պետք է համախմբել ոչ միայն Հայաստանի ու Ղարաբաղի, այլ ողջ հայության համար, լինեն նրանք Երևանում` թե՛ Մոսկվայում, Լոս Անջելեսում` թե՛ Փարիզում, Բուոնես Այրեսում` թե՛ Օտտավայում, Սիդնեյում` թե՛ Պեկինում։

Օրինակ ինչու՞ այսօր չկա «Հայկական Համաշխարհային բանկ», որը գործունեություն կծավալեր ամբողջ աշխարհում և կունենար միացյալ հայկական կապիտալ։ Դրա միջոցով կարող էինք ֆինանսավորել ցանկացած հայկական բիզնես նախագիծ, և կարիք չէր լինի մի քանի դրամ հավաքելու և մանր մունր խնդիրներ լուծելու համար ամեն տարի դրամահավաք կազմակերպել։

Հայկական սփյուռքի ծանրակշիռ մասը կենտրոնացած է աշխարհի ուժային կենտրոններում, որը մեզ ռեալ հնարավորություն է տալիս ստեղծելու հայկական համաշխարհային ցանց և լուրջ դերակատարում ունենալ աշխարհում։ Մենք ունենք համաշխարհային ցանց դառնալու բացառիկ հնարավորոթյուն, որը չի կարելի ձեռքից բաց թողնել։ Հավատացեք, 70 տարի առաջ անգամ Ճապոնիան չուներ նման հնարավորություն։ Ու՞մ ենք սպասում. սպասում ենք, որ էլի անցնեն մի քանի դար և մեր սերունդներն սկսեն վերլուծել մեր բացթողումներն ու սխալնե՞րը։ Իսկ ինչու՞ չգործենք, ինչու՞ ցեղասպանությունից միայն լացելու փոխարեն չփորձենք դրա արդյունքում պանդուխտ դարձած, այնուհետև զգալի ձեռքբերումների հասած հայության ներուժն արդյունավետ օգտագործել, որ այլևս մեզ կոտրել չլինի։

Եկեք կրկնենք Ճապոնիայի օրինակը կամ որևէ բանում դառնանք առաջինը, և աշխարհին ու ինքներս մեզ ապացուցենք, որ հայը ոտքի է կանգնել, որ նա չի լացում և չի խնդրում, այլ նա գործում է։ Գործենք և շենացնենք հայրենիքն ու ունենանք բռունցքված սփյուռք ու հայություն։ Ամեն մեկս մի անկյունում հայրենիքի զարգացման մասին մտորելու փոխարեն եկեք հավաքվենք և միասին մտորենք…

Միասին վերացնենք, թե՛ ցեղասպանության, թե՛ արտագաղթի և թե՛ պատերազմների հետևանքները։ Հայրենիքում ստեղծենք ժամանակակից ու զարգացած բիզնեսներ, որոնք ունակ կլինեն մրցակցել աշխարհի հսկաների հետ և իրենք էլ կդառնան այդ հսկաներից մեկը։ Այս ամենի արդյունքում ոչ միայն արտագաղթը կդադարի, այլ նաև ներգաղթ կսկսվի և ծնելիության ցուցանիշները մի քանի անգամ կաճեն։ Այս ամենի արդյունքում Հայաստանը կդառնա զարգացած ու հզոր պետություն և կկարողանա իր խոսքն ասել աշխարհում և պատվար լինել ինչպես Հայաստանի ու Արցախի, այնպես էլ ամբողջ աշխարհի հայության համար։
Դե ինչ, հերթը մերն է…

Հովիկ Վերանյան

Մասնագիտությամբ կոնֆլիկտաբան, քաղաքագետ և միգրացիայի մասնագետ է։ Նմանատիպ թեմաներով անցկացնում է թրեյնինգներ, զբաղվում վերլուծական աշխատանքներով, կոնֆլիկտաբանական և բիզնես խորհրդատվություններով։
Բազմաթիվ աշխատանքներ ունի Ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման, արտագաղթի պատճառների և դրանց լուծման, ինչպես նաև Հայաստանում բիզնեսների խնդիրների մասին։
Զբաղվում է նաև ձեռնարկատիրական գործունեությամբ` անհատ ձեռներեց է։

Կոնտակտային տվյալներ`
Email – veranyanh@gmail.com
Facebook – www.facebook.com/hovikver


Էջի Դիտումներ - 302

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրատարակվելու։ Լրացման պարտադիր դաշտերը նշված են *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>