ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԹՎԻ ԱՆԿՈՒՄԸ /ՃԳՆԱԺԱՄԻ ԱԿՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ/



ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՀԱՅԵՐԸ ԼՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Արտագաղթի իրական պատկերը. Ինչո՞ւ են մարդիկ լքում Հայրենիքը

Baggage

Արտագաղթի հարցը գնալով ավելի կենսական է դառնում Հայաստանի համար, ընդհուպ` մինչև Հայաստանի անվտանգության համար սպառնալիք լինելը: Այն դարձել է այլմոլորակայինների նման մի բան. բոլորը գիտեն արտագաղթի ահագնացող տեմպերի մասին, զգում են դրա ազդեցությունն իրենց կաշվի վրա, սակայն հստակ թվեր և ապացույցներ չեն տեսնում: Արտագաղթի վերաբերյալ միակ վիճակագրական տեղեկատվական աղբյուրը մնում է մեկնողների և ժամանողների թվերի տարբերությունը: Սակայն մեծ է նաև այն մարդկանց թիվը, ովքեր Հայաստանից ավտոբուսներով կամ մեքենաներով են մեկնում Ռուսաստան: Գյուղերը, որոնք քաղաքը սնուցող աղբյուր են և սահմանները պաշտպանողը, շարունակում են դատարկվել. հեռանում են հատկապես երիտասարդները: Մեկնում են հիմնականում կարող և աշխատող մարդիկ, իսկ մնացողները նրանք են, ովքեր կամ ծեր են, կամ չեն կարողանում արտագաղթել:

Վերջին տարիներին այս միտմանը գումարվել է նաև նոր միտում` ընտանիքներով արտագաղթելու միտումը: Մարդիկ սկսել են արտագաղթել ընտանիքներով` երրորդ երկրներում մշտական բնակություն հաստատելու նպատակով: Հայաստանում կարծիք է ձևավորվել, որ այլ երկրներում կյանքը հիասքանչ և ավելի հեշտ է: Իրականում դա այդպես չէ. աշխարհում ոչ մի տեղ ոչինչ հեշտ չի տրվում, առավել ևս` նորեկներին, ովքեր գալիս են Հայաստանի նման երկրից, որտեղ կրթական և մշակութային ցենզը զգալիորեն զիջում է արևմտյանին: Արտագաղթողները դրսում քաղցր կյանքով չեն ապրում, որովհետև նույնիսկ լավագույն երկրներում ստիպված են ամեն ինչ սկսել նորից` շատ մեծ դժվարությամբ:

Արտագաղթելու իրական մղումը ոչ թե երրորդ երկրների գրավչությունն է, այլ այն, ինչն իրենց դուրս է վանում Հայաստանից: Վերջին տարիներին Հայաստանը սկսել են լքել կարող, ապահովված մարդիկ, ովքեր հանդիսանում են Հայաստանի մտավոր ներուժը: Նրանց շարքերում են տարբեր մասնագիտություններ կրող մարդիկ` հաշվապահներ, գործարարներ, ֆինանսիստներ, բժիշկներ, ինֆորմացիոն տեխնոլոգիաների մասնագետներ, ովքեր Հայաստանում կայացած էին և վճարում էին հարկեր: Նման մարդկանցից յուրաքանչյուրի վճարած հարկը գյուղերում ամսական մի քանի ընտանիք էր պահում: Իսկ ի՞նչ կլինի, եթե նման արտահոսքի արդյունքում գնալով նվազի բյուջետային վճարումների թիվը: Այս դեպքում ավելի խիստ է դառնալու հարկային վարչարարությունը, որն ավելի շատ է խեղդելու մանր և միջին բիզնեսներին: Դա արդեն իսկ տեղի է ունենում, և դժվար չէ պարզապես Երևանի կենտրոնում քայլել և տեսնել, թե որքան տարածքներ են վարձակալությամբ տրվում կամ փակվում:

Արտագաղթի իրական պատճառը միայն գործազրկությունը չէ, ինչպես ներկայացվում է շատերի կողմից: Արտագաղթելու որոշումը մեկ օրվա որոշում չէ. այն տարիների ընթացքում կայացված որոշում է: Արտագաղթի իրական պատճառը հիմնախնդիրների, չարաշահումների, ճնշումների, սոցիալական խնդիրների, տարիների ընթացքում կուտակված հիասթափությունների մի ամբողջություն է: Նման հիասթափություն մարդիկ ապրում են աշխատանքի բացակայության, սոցիալական, իրավական և այլ խնդիրների պատճառով: Վատ կառավարման, օրենքի իշխանության բացակայության և այլ թերացումների արդյունքում` մարդկանց մոտ առաջանում է բողոքելու ցանկություն: Արդյունքում` հասարակության մեջ կուտակվում է բացասական էներգիա, որը պետք է մի կերպ դուրս մղվի: Եվ, քանի որ Հայաստանի հասարակությունն այս առումով թույլ է, և մեծ մասամբ մարդկանց ձայնը լսելի չի դառնում, և լսող էլ չկա, կուտակված սոցիալական էներգիայի արդյունքում մարդիկ սկսում են այլընտրանք փնտրել, և այդ այլընտրանքն, առաջին հերթին, արտագաղթն է: Հենց սա է ծնում «գաղջ» մթնոլորտ: Նման միջավայրի հիմքում ընկած է հիմնախնդիրների մի ամբողջություն: Այդ հիմնախնդիրները նոր չեն. դրանք սկսել են կուտակվել վաղուց` Լևոն Գուլյանի հետ կատարված դեպքից ի վեր, որի տրամաբանական շարունակությունը տեղի ունեցավ Չարենցավանում, այնուհետև` Արարատում, և վերջերս` Երևանի «Հարսնաքար» ռեստորանում:

Նման մթնոլորտի պատճառով մարդկանց մեջ սպանվում է արարելու և ստեղծելու ցանկությունը: Դա տեղի է ունենում, երբ սփյուռքահայը կարդում է մեկ այլ սփյուռքահայի հարցազրույցը, որում նա ափսոսանքով պատմում է, թե ինչպես է տեղափոխվել Հայաստան, բիզնես գործունեություն է ծավալել, որը, տարիների քրտնաջան աշխատանքից և ներդրումներից հետո, ստիպված փակել և հետ է վերադարձել. խոսքը «Փարիզյան սուրճի» մասին է: Ինչո՞ւ մարդիկ իրենք իրենց հարց չեն տալիս, թե ինչո՞ւ է սփյուռքը Հայաստանում միայն բարեգործություն կատարում, այլ ոչ` ներդրումներ: Պատերազմական իրավիճակն ու անկայունությո՞ւնն է պատճառը: Միանշանակ` ոչ: Իսրայելը, գտնվելով ավելի վտանգավոր տարածաշրջանում և ունենալով Հայաստանից ավելի փոքր տարածք, այսօր ունի Հայաստանից շուրջ երեք անգամ ավելի բնակչություն: Իսրայելի սփյուռքն ակտիվ մասնակցում է երկրի կյանքին` ոչ միայն բարեգործություններով, այլև` հսկայական ներդրումներով: Իսկ ո՞րն է տարբերությունը: Հիմնական տարբերությունն արդյունավետ կառավարումն է, օրենքի իշխանությունը և սեփականության իրավունքի արդյունավետ պաշտպանությունը:

Կարո՞ղ եք հակադրվել, ասել, թե Իսրայելն օգտվում է ծովից և այլ հնարավորություններից, որը Հայաստանը չունի, և թե Հայաստանը երիտասարդ պետություն է, և այս կարճ ժամանակում չէր կարող արդյունավետ կառավարում իրականացնել: Կա մեկ այլ օրինակ ևս, որը նույնպես պատասխանում է այս հարցին: Աֆրիկյան Բոտսվանա պետությունն ընդամենը 37 տարում հսկայական թռիչք է իրականացրել, և այսօր ՀՆԱ-ի մակարդակով չի զիջում Մերձբալթյան շատ երկրների: Այս երկիրը չունի ելք դեպի ծով. ընդամենը 37 տարի առաջ այնտեղ տիրում էր ծայրահեղ աղքատություն, և կար ընդամենը 12 կիլոմետր ասֆալտապատ ճանապարհ, և 22 բարձրագույն և թերի բարձրագույն կրթություն ունեցող մարդ: Կան աֆրիկյան այլ պետություններ նույնպես, որոնք ունեն ադամանդի հանքեր և ավելի լավ աշխարհաքաղաքական դիրք, բայց շարունակում են խեղդվել աղքատության մեջ (օրինակ` Սիերա Լեոնեն): Հաշվի առնելով Հայաստանի ժառանգած ենթակառուցվածքը և սփյուռքի պոտենցիալը, Հայաստանը պետք է որ հիմա ավելի բարձր դիրքերում գտնվեր:

Այս ամենը ցույց է տալիս, որ խնդիրը մեր մեջ է: Հայաստանի պատմության մեջ շատ ենք մեղադրում այլ ազգերին, սակայն, եթե երկիրը ներսից է թույլ, միշտ էլ խանգարողներ կհայտնվեն: Եթե արտագաղթի տեմպերն այս արագությամբ շարունակվեն, և Հայաստանը կտրուկ շրջադարձ չկատարի, ապա մեր հետագա սերունդներին բացատրություն տալիս ստիպված ենք լինելու նորից մեղադրել ուրիշներին, այնինչ, ամեն ինչ սկսել է փտել հենց մեր մեջ, և մենք դրա դեմը չենք առել:
Արտագաղթի թեման սկսել է մտահոգել ոչ միայն հասարակությանը, այլև սփյուռքին, կառավարությանը և միջազգային կազմակերպություններին:

ՀՀ կառավարությունը սույն թվականի սեպտեմբերի 4-ին որոշում է կայացրել` ստեղծել ժողովրդագրական իրավիճակի բարելավման նպատակով միջգերատեսչական հանձնաժողով (որոշում 776-Ա): Ժամանակը ցույց կտա` այս հանձնաժողովն արդյունավետ կարո՞ղ է լինել, թե՞ ոչ: Դա նաև մեծապես կախված է նրանից, թե որքանո՞վ այն իր մեջ կներառի հասարակության լայն շերտերի կարծիքները, որքանո՞վ բաց և թափանցիկ կգործի: Իրական ազդեցություն ունենալու համար, լոկ հանձնաժողով լինելուց բացի, այն պետք է ունենա որոշակի գործիքներ: Ժամանակը ցույց կտա:

Հայաստանի ժողովրդագրական իրավիճակը քննարկելու նպատակով հոկտեմբերի 8-ին Միջազգային Ազգերի Կազմակերպության Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը կազմակերպում է կոնֆերանս` «Հայաստանի ժողովրդագրական մարտահրավերները» խորագրով: Այս կոնֆերանսի ժամանակ նաև ներկայացվելու է մի զեկույց, որը հովանավորվել է` «Քոլոլյան հիմնադրամի» (Տորոնտո, Կանադա), և իրականացվել` Հայաստանում գործող մի քանի հետազոտական խմբերի կողմից: Այս խմբերը միմյանցից անկախ բազմակողմանի հետազոտություն են իրականացրել, և տվյալները համեմատելով և համադրելով` ստացել են Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի և արտագաղթի բուն պատճառների վերաբերյալ որոշակի հստակ պատկեր: Սա լավ հնարավորություն է Հայաստանի հասարակության, կառավարության և սփյուռքի համար` ակտիվ քննարկումներ ծավալելու և քայլեր ձեռնարկելու: «168 Ժամի» հետագա համարներում մենք նորից կանդրադառնանք այս խնդրին:
«168 ԺԱՄ»


Էջի Դիտումներ - 1225

  1. Սիրելի Խմբագիր,
    Վերը նշված արտագաղթի պատճառները միանշանակ ճիշտ են: Այդուհանդերձ, կա նաև օտարամոլության և օտարասիրության պարագան: Տեսեք՝ մենք Հայաստանում մեր տան դուռը, շեմը չենք սրբում, սակայն օտար երկրում մաքրարար ենք դառնում: Ուզում ենք ամեն ինչ կառավարությունն անի, այդ էլ օլիգարխների ազդեցության ոլորտում գործող կառավարությունը: Այլ խոսքով՝ Հայաստանում դեռ արդարութիւնը սրի ծայրին է: Միմիայն արդարությունը՝ օրենքի անշեղ գործադրությունը, օրենքի կատարյալ իշխանությունը կարող է սփյուռքից նորանոր ներդրումների հոսք ապահովել, նորանոր աշխատատեղեր ստեղծել և հայրենի քաղաքացուն գործի ու կյանքի ապահովություն երաշխավորել, նոր հույս ու ոգևորություն ներշնչել:Եթե դա իրականանա, գիտակից քաղաքացին ինչու’ պիտի իր հարազատ օջախը լքի և օտար ափերում բազում զրկանքների ու նվաստացուցիչ պայմանների ենթարկվի: Անմահանուն Շիրազի խոսքերով՜ Հայոց արծիվը օտար ափերում ճայ է դառնում:

Leave a Reply to Օննիկ Հայրապետյան Չեղյալ հայտարարել

Ձեր էլ. հասցեն չի հրատարակվելու։ Լրացման պարտադիր դաշտերը նշված են *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>