ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԹՎԻ ԱՆԿՈՒՄԸ /ՃԳՆԱԺԱՄԻ ԱԿՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ/



ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՀԱՅԵՐԸ ԼՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Արտագաղթը բեմի վրա. «Գյումրիից հարևաններով են հեռանում, որ Ռուսաստանում էլ հարևանություն անեն»

Hamazgayin

«44 աստիճանի վրա» ներկայացումը, որն արտագաղթի մասին է, Համազգային պետական թատրոնի (Երևան) բեմում է ավելի քան 12 տարի: Ներկայացման դերակատարներն են Տաթև Ղազարյանը, Կարեն Խաչատրյանը և Վարշամ Գևորգյանը:

Անցած տասներկու տարիների ընթացքում ներկայացումը մեծ հետաքրքրություն է վայելել հանդիսատեսի շրջանում, և այսօր նույնպես այն մեծ թվով հանդիսատեսների է գրավում: «44 աստիճանի վրա» ներկայացումը պատմում է արտագաղթի ցավալի երևույթների մասին: «Արտագաղթը մեզ տխրեցնում է. արտագաղթում է ոչ միայն հայ ժողովուրդը, այլև մեր հանդիսատեսը: Այս իմաստով կրկնակի տխուր է թատրոնի մարդկանց` արվեստագետների համար», ասում է դերասան Կարեն Խաչատրյանը, ով նաև պատմել է, թե ինչպես է ներկայացումներից մեկից հետո հանդիսատեսներից մեկը մտել դիմահարդարման սրահ ու պատռել ինքնաթիռի տոմսը: «Մի ուսանող լաց էր լինում, ու չէր հանգստանում, որովհետև թեման անմիջապես իր խնդրին էր առնչվում: Աշխարհում բոլորն էլ երկրից երկիր գնում են, բայց մեզ համար ցավալի է, որովհետև փոքրաթիվ ժողովուրդ ենք: Ավելի ցավոտ ենք տանում այդ ամեն ինչը, գնում ես օդանավակայան, բոլորը լացում են, ավտոկայանում լացում են: Լացելով են գնում: Ես գյումրեցի եմ, Գյումրիից հարևաններով են հեռանում, որ Ռուսաստանում էլ հարևանություն անեն», նշել է դերասան Կարեն Խաչատրյանը:

Անցած տասներկու տարիների ընթացքում թեպետ փոքր փոփոխություններ են եղել «44 աստիճանի վրա» ներկայացման մեջ, սակայն այն շարունակում է մեծ թվով մարդկանց գրավել, քանի որ արտագաղթի թեման էլ է շարունակում ակտուալ և մտահոգիչ լինել:

«Արտագաղթը, ցավոք, նոր երևույթ չէ և չի ավարտվում: Երբ բեմադրվում էր այս ներկայացումը, մեր ռեժիսորն ասաց, թե երանի գա մի ժամանակ, որ այլևս կարիք չլինի այս ներկայացումը խաղալու: Հանդիսատեսը չսիրի, չգա, իր կարոտն ու ցավը չտեսնի: Բայց այն դեռ պահանջարկ ունի, արդիական է և մեր երկրի մասին է: Անբացատրելի ընդունելություն է գտել սփյուռքում, ՀՀ մարզերում, Արցախում», նշել է դերասանուհի Տաթև Ղազարյանը:

Նյութի աղբյուրը.
Սարգսյան, Ա. (11-ը նոյեմբերի, 2014թ.): «Գյումրիից հարևաններով են հեռանում, որ Ռուսաստանում էլ հարևանություն անեն»: Իրատես առցանց լրատու: Դիտվել է հետևյալ կայքից. «http://www.irates.am/hy/1415693863»: Վերջին անգամ դիտվել է 2014թ. Նոյեմբերի 16-ին:


Էջի Դիտումներ - 651

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրատարակվելու։ Լրացման պարտադիր դաշտերը նշված են *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>