ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԹՎԻ ԱՆԿՈՒՄԸ /ՃԳՆԱԺԱՄԻ ԱԿՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ/



ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՀԱՅԵՐԸ ԼՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ

ԲԱՑ ՆԱՄԱԿ ԾՐԱԳՐԻ ՀՈՎԱՆԱՎՈՐԻ՝ ՎԱՀԱՆ ԳՈԼՈԼԵԱՆԻ ԿՈՂՄԻՑ

Vahan-Kololian

2013թ., հոկտեմբեր

Հարգելի´ հայրենակիցներ.

Հայաստանի բնակչության նվազումը  խիստ լուրջ խնդիր է: Ցեղասպանությունից և բոլշևիկյան հեղափոխությունից ի վեր` 70 տարուց ավելի, համայն հայության պայքարն ընթացել է «Մի օր մենք կունենանք ազատ, անկախ Հայաստան» կարգախոսով: Երբ Հայաստանը 1991 թվականին անկախություն նվաճեց, երկրի բնակչությունը շուրջ 4 միլիոն էր: Այսօր այն 3 միլիոնից պակաս  է: Ազատ, անկախ Հայաստան ունեցանք, սակայն այսօր ականատեսն ենք, թե ինչպես են հայերն աննախադեպ արտագաղթի արդյունքում սփռվում աշխարհով մեկ: Մարդկանց զանգվածային արտահոսքը հանգեցրել է ճգնաժամային իրավիճակի: Այն կարող է սպառնալ երկրի գոյությանը: Հայաստանի թշնամիները չարախնդությամբ են այս ամենին հետևում: Նրանք շարունակում են շրջափակումը և գոհունակությամբ հետևում, թե ինչպես է Հայաստանը դատարկվում:

Հետազոտական աշխատանքի նկարագրություն

Հեշտ է քննադատության ալիքը, հատկապես սփյուռքի կողմից, ուղղել Հայաստանի ներկայիս կառավարությանը. մինչդեռ մենք գիտակցում ենք, որ անհրաժեշտ է խնդրին առավել կառուցողական եվ գիտական մոտեցում ցուցաբերել: Անհրաժեշտություն կար Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի եվ բնակչության նվազման վերաբերյալ հենց Հայաստանիներսից հետազոտական աշխատանք իրականացնելու: Երևանում գործող՝ Մարդկային Զարգացման Միջազգային Կենտրոնի (ՄԶՄԿ) հետ համագործակցելով` հետազոտական աշխատանք իրականացնելու հայտարարություն է տարածվել, ինչի արդյունքում ընտրվել են հետևյալ հետազոտական խմբերը՝

1.Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի հետազոտական խումբ
2.Երևանի պետական համալսարանի Տնտեսագիտության ֆակուլտետի հետազոտական խումբ
3.Հետազոտական խումբ (Արշակ Բալայան, Արմեն Գաքավյան և Ավետիք Մեջլումյան)
4.Հետազոտողներ` Հրայր Մարուխյան հիմնադրամից:

Գոլոլեան Հիմադրամի դերը հետազոտական աշխատանքներն ու հարակից ծախսերը ֆինանսավորելն էր: Ողջ ծրագրի ընթացքում պահպանվել է հետազոտական խմբերի անկախությունը:

Հետազոտական աշխատանքի նպատակը

Հայաստանի բնակչության նվազման հիմնական դրդապատճառները բացահայտելու նպատակով գիտական եվ առարկայական մոտեցում ցուցաբերելու  հրամայականը:

Հետազոտական աշխատանքի սահմանափակումները

Սույն հետազոտական աշխատանքին աջակցողների  և այն իրականացնողերի իրական ցանկությունն այս  հետազոտությամբ խնդրի վերաբերյալ համազգային քննարկումների հիմք դնելն է, որոնք ոչ թե մատնացույց կանեն կամ կփնտրեն մեղավորների, այլ թույլ կտան   մեզանում քննարկում ծավալելու և հասկանալու, թե խնդիրը լուծելու համար պետական և ոչ պետական մարմինների կողմից ի´նչ պետք է ձեռնարկվի Հայաստանում և սփյուռքում: Միայն այն բանից հետո, երբ կարողանանք հաղթահարել բոլոր տաբուները և մեկմեկու հետ պարզ խոսել, կարող կլինենք սկսել մարդկանց՝ Հայաստանից դուրս մղող գործոնները քննարկելու գործընթացը:

Առկա է որոշակի դրական տեղաշարժ

Ողջունելի են ներկայիս կառավարության հանձն առած որոշ նախաձեռնություններ: Նման նախաձեռնություններից է ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից իրականացվող՝ սիրիահայերի ընդունման ծրագիրը: Դեռ վաղ է արդյունքների մասին խոսելը, սակայն հարց է մնում, թե արդյոք սիրիահայերը կմնա՞ն Հայաստանում այն բանից հետո, երբ պատերազմական գործողություններն ավարտվեն Սիրիայում, և այնտեղ վերահաստատվի խաղաղություն:

Տնտեսության զարգացման ոլորտում կա որոշակի դրական տեղաշարժ, ինչում էական դերակատարություն ունի նաև մասնավոր ոլորտը: Որոշ բանկեր առաջարկում են նաև միկրովարկեր, ինչը խրախուսում է ձեռնարկատիրության զարգացումը և նպաստում աշխատատեղերի ստեղծմանը: Այսպես, օրինակ, «Արցախ» բանկը մեծ տեղ է հատկացնում ձեռնարկատիրական նպատակներով միկրովարկերի տրամադրմանը: Միկրովարկեր տրամադրելու շնորհիվ հաջողություններ են արձանագրվել գյուղատնտեսության և մանր ձեռնարկատիրության զարգացման ոլորտներում: Եվ որ ամենակարևորն է, սույն ծրագրի ձախողման գործակիցը խիստ ցածր է, և դրական արդյունքները սպասվածից ավելին են:

Հետագա աշխատանքի անհրաժեշտությունը

Այս հետազոտությունը  բոլոր հարցերին չի անդրադառնում և չի պարունակում բոլոր խնդիրների լուծումները: Սույն զեկույցում տեղ չեն գտել և դեռևս խորն ու մանրակրկիտ ուսումնասիրության կարիք ունեն հետևյալ խնդիրները.

– Կազմակերպված և արդյունավետ խորհրդարանական ընդդիմություն  ունենալու անհրաժեշտությունը:

– Մարդկանց գնողունակության մակարդակի խորն ուսումնասիրությունը, ինչը հնարավորություն կտա  պարզելու, թե ինչու են Հայաստանում որոշ ապրանքների գներ 3-4 անգամ ավելի թանկ, քան հարևան որոշ երկրներում: Հարկ է նաև ուսումնասիրել շրջափակման հետևանքները, առևտրի իրականացման խոչընդոտները և տարիֆները: Հարցը, որին պետք է պատասխան տրվի,  հետևյալն է. «Արդյոք կա՞ հասարակության մի հատված, որը շահում է առևտրային սահմանափակումներից՝ գները բարձրացնելով և դրանք  բարձր պահելով»:

– Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտի վերլուծությունը, որում շեշտադրում պիտի կատարվի ոչ այնքան ընդհանուր գիտությունների հաղորդման, որքան արհեստների գծով կրթության վրա:

– Հողերի հատկացման պայմանների մշակում, ինչի  շնորհիվ հնարավոր կլինի հողեր նվիրաբերել գյուղատնտեսությամբ զբաղվելու ունակ ընտանիքներին՝ պայմանով, որ այդ սեփականությունն օգտագործեն գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով (1800 – 1900թ.թ. Հյուսիսային Ամերիկայում իրականացված այսպիսի ծրագրի նմանությամբ): Նման ծրագրերը կարող են հովանավորվել սփյուռքի կողմից:

Սփյուռքի աջակցության ավելի արդյունավետ համակարգում: Անկախությունից ի վեր սփյուռքի կողմից հովանավորվող կազմակերպությունները (որոնցից են Հայաստան Համահայկական Հինադրամը, Հայ Օգնության Միությունը և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը) գումարներ են նվիրաբերել շինարարական ծրագրերի, դպրոցների և հիվանդանոցների համար: Արդյոք ժամանակը չէ՞, որ պետությունն ստանձնի ենթակառուցվածքները ֆինանսավորելու գործը, իսկ սփյուռքը՝ առողջապահական, բնակարանաշինության, աշխատատեղեր  ստեղծելու, վերաբնակեցման և, որ ամենակարևորն է, մարդկանց  Հայաստան բերելու և նրանց ընդունելուն  վերաբերող ծրագրերի ֆինանսավորումը:

Սույն հետազոտական աշխատանքի հովանավորը և իրականացնողները բոլոր շահագրգիռ անձանց և կազմակերպություններին  հրավիրում են մասնակցելու այս հարցերի քննարկմանը  և հանդես գալու Հայաստանի ապագան կերտելու իրենց առաջարկություններով:

Եկեք լավատես լինենք

Կարևոր է, որ Հայաստանի համար ցավոտ հարցերին մենք մոտենանք լավատեսության զգացումով: Բացասական մոտեցումը և վերաբերմունքը նույնպիսի բացասական արդյունքներ են ծնում: Հիշենք Վիլյամ Սարոյանի խոսքերը.

«Համարձակեցէ՛ք բնաջնջել Հայաստանը: Տեսէ՛ք թէ կրնա՞ք։
Աքսորեցէ՛ք դէպի անապատները առանց հացի եւ ջուրի:
Յետոյ տեսէ՛ք, թէ անոնք արդեօք կրկին չեն խնդա, երգէ կամ աղօթէ:
Որովհետև երբ անոնց երկուսը աշխարհի որեւէ մասում հանդիպէ,
Տեսէ՛ք, թէ անոնք արդեօք մի Նոր Հայաստան չեն ստեղծէ»:

Հայերի տոկունությունն ու հաստատուն կամքն առասպելական են: ՈՒրեմն, եկե՛ք այս հատկություններն ուղղենք Հայաստանի սոցիալական խնդիրների լուծմանը:

 

Հարգանքներով`

Վահան Գոլոլեան
Գոլոլեան Հիմնադրամ
Տորոնտո, Կանադա
Էլ-փոստ՝ vk@kololianfoundation.com                               2013թ., հոկտեմբեր