ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԹՎԻ ԱՆԿՈՒՄԸ /ՃԳՆԱԺԱՄԻ ԱԿՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ/



ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՀԱՅԵՐԸ ԼՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Վերաբնակեցման խնդիրը

Արտագաղթի կանխարգելման և հայրենադարձության քաղաքականություն իրականացնելուց բացի Հայաստանը պետք է փորձի բնակեցնել տնտեսապես աղքատ և արտագաղթից առավել տուժած հեռավոր շրջանները: Այս գլխում ներկայացված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) Քաշաթաղի և Շահումյանի շրջանների հետպատերազմյան վերաբնակեցման ուսումնասիրությունը: Այս շրջանները Հայաստանի Հանրապետության և ԼՂՀ համար ռազմավարական նշանակություն ունեն` որպես 2 հանրապետությունները միմյանց կապող օղակներ: Երեք քաղաքային և ավելի քան տաս գյուղական համայնքների հետազոտության հիման վրա` այս գլխում ուրվագծվում են վերաբնակեցման նախորդ փորձի դասերը և արվում են ԼՂՀ և ՀՀ վերաբնակեցման քաղաքականության բարելավման և ընդլայնման առաջարկություններ:

Շահումյանի և Քաշաթաղի շրջաններում 1990-ական թ.թ. երկրորդ կեսից սկսած բնակչության աննախադեպ աճի ուսումնասիրությունը կարևոր է ԼՂՀ և ՀՀ համար` արտագաղթի բարձր մակարդակի և դրա վերահսկման առավել արդյունավետ ռազմավարությունների մշակման լույսի ներքո: Հոռետեսական մոտեցմանը (ինչը գերակշռող է Հայաստանի արտագաղթի միտումների վերլուծություններում ) հակազդելու առավել արժեքավոր մոտեցում կարող է լինել այս շրջանների փորձի` որպես հաջողության պատմության ուսումնասիրությունը:

Այս գլխում բարձրացվում են հետևյալ հարցադրումները.

Այս հարցերի պատասխանները թույլ կտան հասկանալու, թե՝

Ուսումնասիրության շրջանակներում կիրառվել են հետազոտության ինչպես որակական, այնպես էլ քանակական մեթոդներ: Դրանք են` խորին հարցազրույցները համայնքի անդամների (հիմնականում՝ ընտանիքների գլխավորների/որոշում կայացնողների) հետ, բանավոր պատմություններ` վերաբնակեցման հիմնական դրդապատճառները պարզելու համար, հարցազրույցներ առանցքային տեղեկատուների հետ, ովքեր ակտիվ դերակատարություն են ունեցել վերաբնակեցման կազմակերպման գործում, փաստաթղթերի` վիճակագրական տվյալների, հրապարակումների, հրապարակախոսական և լրատվական նյութերի, գիտական և պաշտոնական փաստաթղթերի վերլուծություն, փորձագիտական հարցազրույցներ` հետազոտության վարկածների ու առաջարկությունների կրկնակի ստուգման նպատակով:

Վերաբնակեցման  դրդապատճառները

Հետազոտության մասնակիցները պատասխանել են  2 հիմնական հարցի՝ ինչու՞ են լքել իրենց նախկին բնակավայրերը և ինչու՞ են որպես նոր բնակավայր ընտրել հենց այդ շրջանները: Հարցվածների մեծ մասը նշել է այս տարածքներում հաստատվելու 2 հիմնական գործոն: Հայրենասիրությունից դրդված  կամ ազատագրված տարածքները վերաբնակեցնելու գիտակցված նպատակադրումով առաջնորդվող վերաբնակիչները փոքրամասնություն են կազմում: Մինչդեռ զգալի մասը տեղափոխվել է նոր բնակավայր Հայաստանում սոցիալական դժվար կացությունից կամ բնակարանի բացակայությունից դրդված:

Վերաբնակիչների զգալի մասը նշված շրջանների վերաբերյալ տեղեկություն են ստացել իրենց հարազատներից և ընկերներից, ովքեր մինչ այդ հաստատվել են նոր բնակավայրերում: Մինչև 2005թ. պոտենցիալ վերաբնակիչների հավաքագրմամբ, խորհրդատվությամբ, ուղղորդմամբ և ազատագրված տարածքներում անհրաժեշտ մասնագետների ընտրությամբ Երևանում զբաղվում էր «Արցախ» կոմիտեն: 2010թ. սկսած անհրաժեշտ մասնագետների և նրանց տրամադրվող աջակցության վերաբերյալ հայտարարություններ են տրվում հայաստանյան հեռուստատեսություններով: Չնայած հանրային իրազեկվածությունն առավել ընդլայնվել է նաև սոցիալական ցանցերի միջոցով, այնուամենայնիվ, պոտենցիալ վերաբնակիչների ներգրավման հիմնական միջոցը հիմա էլ շարունակում է մնալ անմիջական հաղորդակցության միջոցով տեղեկության տարածումը:

Խոչընդոտներ  և  մարտահրավերներ

Երկու շրջաններում էլ վերաբնակեցման սկզբնական փուլին բնորոշ է եղել «սխալների և փորձի մեթոդը»: Սկզբնապես բնակեցվել են միայն այն տարածքները, որտեղ առավել դյուրին էր շինանյութ հասցնել, և շատ տարածքներ այս պատճառով մնացել են չբնակեցված: Երբեմն վերաբնակեցման գործն իրականացվել է ինքնաբուխ կերպով և այդ գործում  անհրաժեշտ փորձառություն չունեցող անձանց կողմից: Որևէ տարածք վերաբնակեցնելու որոշումն ընդունվել է ինքնաբուխ կերպով` վերաբնակիչների կամ բարեգործական կազմակերպության, Քաշաթաղի վարչակազմի կամ որևէ քաղաքական ուժի կողմից:

Հետպատերազմյան շրջաններում վերաբնակեցում իրականացրած միջազգային կազմակերպությունների փորձը վկայում է այն մասին, որ վերաբնակիչների կապվածությունն իրենց նոր բնակավայրերին կախված է այնպիսի գործոններից, ինչպիսիք են աշխատանքի հասանելիությունն ու կայունությունը, եկամտի մակարդակը, բնակարանի առկայությունը, սոցիալական հարաբերությունների և կառավարման բնույթը: ԼՂՀ վերաբնակեցված տարածքների հարցվածները նույնպես կարևորել են բոլոր այս գործոնները:

Հիմնական  եզրահանգումներ

Այս հատվածում ներկայացված են Քաշաթաղի և Շահումյանի շրջաններում վերաբնակեցման գործընթացի ուսումնասիրության հիմնական  եզրահանգումներն ու երկընտրանքները:

Ա. Վերաբնակեցման ռազմավարության անհրաժեշտությունը

Այն, որ վերաբնակեցման առաջին քայլերը լի են եղել սխալներով, նշում են և՛ որոշում կայացնողները (համայնքների ղեկավարներ, կամավոր ակտիվիստներ և այլոք), և՛ վերաբնակիչների մի ստվար հատված: Սխալների զգալի մասը պայմանավորված է եղել վերաբնակեցման ռազմավարության և գործողությունների համալիր ծրագրի բացակայությամբ: Թեև գործընթացն այսօր ավելի լավ է կառավարվում Քաշաթաղի վերաբնակեցման վարչության կողմից, սակայն մինչև այժմ թե՛ ԼՂՀ իշխանությունը և թե՛ շրջանների վարչակազմերն իրենց տրամադրության տակ չունեն վերաբնակեցման ռազմավարության համապարփակ փաստաթուղթ:

Բազմաթիվ հարցեր մնում են անպատասխան. օրինակ, բնակչության ի՞նչ թվաքանակ է վերաբնակեցման թիրախ, ո՞ր նախկին բնակավայրերն են ենթակա վերաբնակեցման և ինչո՞ւ, սահմանափակ ռեսուրսների պայմաններում վերաբնակիչների ո՞ր խմբերը պետք է առավելագույն աջակցություն ստանան, ինչպիսի՞ ծրագրեր պետք է իրականացվեն բնակավայրերից յուրաքանչյուրում՝ վերջիններիս ինքնաբավությունն ապահովելու համար և այլն: Վերոնշյալ խնդիրները մինչ օրս լուծում են ստանում  անհատների պրակտիկ փորձի հիման վրա, ովքեր գործում են ինքնաբուխ` ըստ իրավիճակի: Վերաբնակեցման ռազմավարության բացակայությունը հանգեցրել է բնակչության ոչ համաչափ տեղաբաշխման, որոշ դեպքերում՝ բնակեցման համար ոչ հարմար տարածքների ընտրության: Ապագայում նմանատիպ ռիսկերը նվազեցնելու համար հարկավոր է մշակել հստակ ռազմավարություն և գործողությունների ծրագիր` բնակեցման առաջնահերթությունների և համապատասխան տեղաբաշխման մատնանշմամբ:

Բ. Սկյուռն անիվի մեջ

Քաշաթաղի շրջանի Կերեն համայնքի վիճակը լավագույնս հնարավոր է բնորոշել  «Սկյուռն անիվի մեջ» հայտնի դարձվածքով, ինչը գործընթացի տեղապտույտն է մատնանշում: Գյուղում կենսական անհրաժեշտ պայմանների բացակայությունը խոչընդոտում է բնակչության կայուն թվաքանակի ապահովմանն ու հետագա աճին: Նախքան մարդկանց այստեղ բերելը նախապես նրանց համար անհրաժեշտ կենսապայմաններ ապահովելով` գործընթացը տնտեսապես առավել շահավետ և արդյունավետ կարող է լինել: Հակառակ իրավիճակը հանգեցնում է միջոցների և մարդկային ջանքերի փոշիացմանը: Բնակավայրում հաստատված անձինք բավականաչափ շահագրգռված չեն ներդրումներ կատարելու, քանի որ համայնքում մնալն ինքնին հրապուրիչ չէ:

Գ.Վերաբնակեցման նպատակների իրականացման գնահատման չափանիշները

Փորձագետները նշել են,  որ վերաբնակեցման ռազմավարությունը պետք է ներառի վերաբնակեցման նպատակների իրագործումը գնահատելու հստակ չափանիշներ: Ըստ որոշ փորձագետների և առանցքային տեղեկատուների, չափանիշներից մեկը կարող է լինել վերաբնակեցված շրջանի ինքնաբավությունը (այնպիսի կենսապայմանների առկայությունը, որոնք թույլ կտան, որ շրջանը զարգանա առավելապես ներքին ռեսուրսների և ներուժի շնորհիվ): Այս չափանիշը, թերևս, շատ հավակնոտ է, քանի որ  ՀՀ և ԼՂՀ գրեթե ոչ մի համայնք կամ բնակավայր այս առումով ինքնաբավ չէ:

Դ. Բնական աճի՞, թե՞ ներգաղթի խթանում

Վերաբնակեցման ռազմավարությունը պետք է հիմնավոր պատասխան տա այն հարցին, թե որն է նախընտրելի` քաջալերել տեղի բնակչության բնական աճը, թե՞ նոր վերաբնակիչներ ներգրավել: Եթե վերջնական նպատակը տարածքների ներուժի լիարժեք օգտագործումն է, որքանո՞վ է էական այն հանգամանքը, թե արդյոք դա ներգաղթի կազմակերպման, թե՞ բնական աճի խթանման եղանակով է տեղի ունենում: Եթե նոր բնակիչների ներգրավումը կարևոր է, որպես խորհրդանշական ակտ, ապա վերաբնակեցման խնդիրների իրագործման համար լավագույն միջոց կարող է լինել բնական աճի խթանումը:

Ե. Վերաբնակեցման գրավչության ապահովումն ու մասնագետների ներգրավումը

Քանի որ պոտենցիալ վերաբնակիչների համար գրավիչ կենսակերպը հաճախ ավելի է կարևոր, քան միայն տնտեսական կամ սոցիալական օգուտները, վերաբնակեցման ռազմավարությունը հատուկ ուշադրություն պետք է դարձնի վերաբնակեցման հնարավորությունների «սոցիալական փաթեթավորմանը»: Վերաբնակեցումը միայն որպես հայրենասիրական ակտ ներկայացնելու պարագայում էականորեն սահմանափակվում է դրա գրավչությունն այն խմբերի համար, որոնք առաջնորդվում են տնտեսական/սոցիալական օգուտի  պահանջով: Նոր բնակիչներին գրավելու համար հարկ է ընդգծել այլ գործոններ ևս. հիանալի բնություն և մեղմ կլիմա, անասնապահության համար նպաստավոր պայմաններ, քաղաքական թոհուբոհից կտրվածություն և այլն: Վերաբնակեցումը հարկավոր է ներկայացնել իբրև  գրավիչ/խրախուսելի գործողություն՝ հաշվի առնելով հասարակության յուրաքանչյուր խմբի կարիքները: Երիտասարդների համար, օրինակ, գրավիչ կարող է լինել ապրելակերպի կտրուկ փոփոխությունն ու անկախ ապրելակերպը: Ընտանիքների համար, ընդհակառակը, կարող են կարևորվել կայունության և տնտեսական ապահովության երաշխիքները:

Ապահովել վերաբնակեցման գրավչությունը

ա. Ճանաչողական այցեր կազմակերպել վերաբնակեցման գոտիներ

Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այս տարածքներում բնակություն հաստատած մարդկանց զգալի մասը նախկինում ինչ-ինչ առիթներով եղել է այդ բնակավայրերում: Սա, հավանաբար, դեր է խաղացել վերաբնակեցման որոշում կայացնելիս: Հարկավոր է ինչպես պետական, այնպես էլ հնարավոր մասնավոր միջոցներով կազմակերպել ճանաչողական այցեր՝ տարածքների հետ ծանոթացման նպատակով: Առավելագույն թվով մարդկանց՝ տարբեր առիթներով այս բնակավայրեր հասցնելը կամրացնի դրանց նկատմամբ դրական վերաբերմունքը և կնպաստի այս վայրերում բնակվելու որոշման կայացմանը: 

բ. Խրախուսել բիզնես ներդրումները

Կառավարությունը Սփյուռքի նախարարության, միջազգային կազմակերպությունների և ֆոնդերի հետ համատեղ, ամեն տարի պետք է կազմակերպի միասնական միջոցառումներ` բիզնես ներդրումները խրախուսելու համար: Այս տարածքներում կատարվող ներդրումները թույլ կտան խուսափել առկա բնակչության արտահոսքից և ներգրավել նոր բնակիչների:

գ. Վերաբնակեցման գոտու վերաբերյալ սոցիալ-մշակութային հաղորդաշարերի պատրաստում

Լայնորեն սփռվող  հեռուստատեսություններից առնվազն մեկով հեռարձակված հաղորդումը կամ հաղորդաշարը կնպաստի հանրային իրազեկման բարձրացմանը:

դ. Տարածել հաջողված պատմությունները

Հեռուստատեսությամբ և այլ լրատվամիջոցներով հարկավոր է հանրայնացնել այն ընտանիքների փորձը, որոնք, տեղափոխվելով այս շրջաններ, բազմաթիվ դժվարություններ են հաղթահարել: Հաջողության պատմությունների տարածումն ազդեցիկ գործիք կդառնա նոր ընտանիքների ներգրավման համար:

ե. Զարգացնել զբոսաշրջությունը և հատկապես` էկո-տուրիզմը

Անգամ մի շարք ենթակառուցվածքների բացակայության պարագայում հնարավոր է զարգացնել էկո-տուրիզմը: Շահումյանի շրջանի բազմաթիվ տաք ջրերը ոչ մեծ ներդրումների շնորհիվ կարող են հազարավոր հայաստանցիների համար մատչելի ժամանցի վայրեր դառնալ: Արտերկրից ժամանած զբոսաշրջիկների համար գրավիչ կարող է լինել էկոլոգիապես մաքուր սննդի առկայությունը:

զ. Ֆինանսական օժանդակություն ցուցաբերել վերաբնակիչներին՝ նախքան նրանց ժամանումը

Մի քանի տարի առաջ Շահումյանի շրջանում վարկերի (և հատկապես անասնավարկի) տրամադրման ուշացումները հանգեցրեցին համատարած հիասթափության և, հնարավոր է, պոտենցիալ վերաբնակիչների մտադրության փոփոխության: Վարկի տրամադրումն անմիջապես ժամանման պահին (կամ նույնիսկ` դրանից առաջ) կարող է դրական ազդակ լինել վերաբնակիչների համար:

է. Ուղեցույցներ ստեղծել վերաբնակիչների համար

Վերաբնակիչների համար նախատեսված ուղեցույցները պետք է վերաբնակեցվող համայնքների, դրանց ռեսուրսների, հնարավոր ներդրումների, վերակառուցման ենթակա տների վիճակի և պահանջվող շինարարական ծախսերի վերաբերյալ տեղեկություններ պարունակեն: Այս տեղեկատվության տարածումն էապես կխթանի շրջանների նկատմամբ հետաքրքրությունը:

ը. Ժամանցի վայրեր ստեղծել տեղի բնակչության համար

Հանրային տարածքների բացակայությունը թույլ չի տալիս տեղական ավանդույթներ ձևավորել, զարգացնել սոցիալական հարաբերությունները և ամրապնդել տարածքների հետ կապվածությունը: Հատկապես Քարվաճառ քաղաքում անհրաժեշտ է ստեղծել տարբեր տարիքային խմբերի կարիքներին համահունչ ժամանցի վայրեր:

թ. Իրականացնել շարունակական սոցիոլոգիական հետազոտություններ

Անգամ լավագույն կերպով  կազմակերպված վիճակագրության վարումն անբավարար է՝ վերաբնակիչների սոցիալական բնութագրիչների, դիրքորոշումների, մոտիվացիոն մեխանիզմների բացահայտման համար: Հարկավոր է պարբերական սոցիոլոգիական հետազոտություններ իրականացնել ինչպես վերաբնակիչների, այնպես էլ՝ ՀՀ և ԼՂՀ այլ քաղաքացիների շրջանում՝ այլ պոտենցիալ վերաբնակիչների բացահայտելու համար: Այս հետազոտությունների արդյունքները կօգնեն արդյունավետորեն կառավարել վերաբնակեցման գործընթացը և իրականացնել թիրախավորված ծրագրեր:

ժ. Վերաուղղել միգրացիոն հոսքերը

Վերաբնակիչների մի մասն այս տարածքներում վերջնականապես հաստատվելուն նախորդող տարիների ընթացքում մի քանի անգամ փոխել է իր բնակության վայրը: Բացառված չէ, որ ՀՀ-ից և ԼՂՀ-ից արտերկիր մեկնելու ցանկություն ունեցող անձանց ավելի դյուրին է ուղղորդել դեպի այս շրջաններ, քան այն մարդկանց, ովքեր բնակության վայրը փոխելու որևէ դրդապատճառ չունեն: Հնարավորության դեպքում հարկավոր է այսպիսի մարդկանց ուղղորդել դեպի վերաբնակեցվող տարածքներ:

ի. Տարածքներում կատարված ներդրումների ապահովության պետական երաշխիքներ տրամադրել

Բազմաթիվ պոտենցիալ ներդրողներ զգուշավոր են շրջաններում ներդրում կատարելու հարցում, քանի որ դա ռիսկային են համարում: ԼՂՀ կառավարության կողմից առավել թիրախավորված ներդրումային քաղաքականությունն ու ներդրումների ապահովության երաշխիքը նոր ներդրումներ կբերեն այս շրջաններ: 

Սոցիալ-տնտեսական վիճակի բարելավումը

ա. Հստակեցնել վերաբնակիչների ակնկալիքները

Վերաբնակեցման խթանմանն ուղղված արտոնությունների տրամադրումը երբեմն այնպիսի հարաբերություններ է ձևավորում քաղաքացիների և պետության միջև, որ  սոցիալ-տնտեսական խոցելի վիճակում գտնվող խմբերի մոտ կախվածություն է առաջանում սոցիալական ապահովության պետական ծրագրերից: Անցանկալի սոցիալական հետևանքներին զուգահեռ, պետական աջակցության ակնկալիքները կարող են էապես վնասել վերաբնակեցման գործընթացին: Անգամ, տնտեսապես և սոցիալապես ապահովված մի շարք ընտանիքներ հապաղում են ներդրումներ կատարելու հարցում (օրինակ` իրենց տների վերանորոգման համար) և շարունակում են պետական աջակցություն ակնկալել:

բ. Հիմնել շինանյութի և այլ ապրանքների խանութներ

Ըստ հարցվածների, շինանյութի պահանջարկը բարձր է, սակայն շինանյութի խանութներ գրեթե չկան: Հաշվի առնելով խնդրի կարևորությունը բնակարանների վերակառուցման գործում` նմանատիպ խանութներ պետք է  բացվեն պետական միջամտությամբ:  Որոշ գյուղերում չկան մթերային խանութներ, և դրանց ստեղծումը հնարավոր է փոքր վարկեր տրամադրելու միջոցով:

գ. Հիմնել դեղատներ

Ամբողջ Շահումյանի շրջանում չկա ոչ մի դեղատուն: Դեղատների ստեղծումը նույնպես պետք է դիտարկվի որպես պետության խնդիր:

դ. Բարելավել անասունների գնման համար վարկավորման գործընթացը

Հարցվածների մեծամասնությունը կարծում է, որ մի քանի տարի շարունակ անասունների ձեռքբերման համար տրամադրվող վարկերը բավականին դրական ազդեցություն են ունեցել: Սակայն հարկավոր է վերանայել վարկավորման այն պայմանը, ըստ որի, այն տրամադրվում է միայն անասուններ ունեցող անձանց: Այս պայմանը սահմանափակում է անասուններ չունեցող, սակայն անասնապահությամբ զբաղվել ցանկացող անձանց հնարավոր գործունեությունը: Անհրաժեշտ է բարձրացնել վարկի չափը, որպեսզի տվյալ տնային տնտեսությանն ավելի մեծ թվով անասուններ ձեռք բերելու հնարավորություն տրվի: Վարկի չափը պետք է թույլ տա գյուղացիներին անասունների այնպիսի քանակ ապահովել, որը բավարար է ինտենսիվ աճի համար: Քանի որ անասունների գլխաքանակն էական ազդեցություն չունի պահանջվող աշխատուժի և աշխատաժամանակի ծավալի վրա, խոշոր վարկերը թույլ կտան գրեթե միևնույն աշխատուժի միջոցով 2-3 անգամ շատ անասուններ պահել: Սա նշանակում է, որ անասունների փոքր գլխաքանակի դեպքում աշխատուժի ոչ լիարժեք, թերի օգտագործման խնդիր կա: Վարկի չափը պետք է ճկուն լինի` անասունների շուկայական արժեքի փոփոխություններին արձագանքելու համար: Հարկավոր է մարդկանց շահագրգռել վարկը ժամանակին մարելու հարցում, օրինակ՝ ժամանակին մարելու դեպքում նոր վարկ տրամադրելու երաշխիքով:

ե. Բարելավել գյուղատնտեսական վարկերի պայմանները

Ըստ հարցվածների, հողագործության համար տրվող վարկերի մարման ժամկետը համարժեք չէ գյուղատնտեսության պայմաններին: Վարկերը տրամադրվում են մեկ տարի ժամկետով, սակայն այս ժամանակահատվածում հնարավոր չի լինում իրացնել բերքը: Գյուղատնտեսական վարկերի պայմանների և վերջնաժամկետների վերանայումը գյուղական համայնքների ընտանիքներին թույլ կտա ավելի լավ պլանավորելու իրենց գյուղատնտեսական ցիկլը և ժամանակին մարելու վարկերը:

զ. Գյուղատնտեսական վարկերը համապատասխանեցնել տարածքային և կլիմայական պայմաններին

Վերաբնակեցված տարածքները պետք է օգտագործվեն ամենաարդյունավետ եղանակով: Օրինակ՝ Կովսականի տարածաշրջանում, որտեղ ցորեն աճեցնելը չի կարելի համարել հողօգտագործման լավագույն ձևը, պետք է խթանել այգեգործությունը՝ հատուկ այդ նպատակով տրամադրվող վարկերի միջոցով:

է. Խթանել երկարաժամկետ գյուղատնտեսական ներդրումները

Գյուղատնտեսության որոշ տեսակներ, ինչպիսին է, օրինակ, այգեգործությունը, պահանջում են երկարաժամկետ ներդրումներ: Տնտեսական շահավետությունից բացի երկարաժամկետ ծրագրերը կամրապնդեն տարածքի հետ կապվածությունը. այգիներ ունեցող ընտանիքները շատ ավելի խոր և հիմնավոր կապվածություն կունենան տարածքի հետ, քան ցորեն աճեցնողները, որոնք կարճաժամկետ ներդրում են կատարում:

 


Բեռնել ամբողջկական զեկույցը այստեղ