ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԹՎԻ ԱՆԿՈՒՄԸ /ՃԳՆԱԺԱՄԻ ԱԿՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ/



ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՀԱՅԵՐԸ ԼՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Պայքար կոռուպցիայի դեմ

Հայաստանում կոռուպցիան տարածված է կառավարման տարբեր մակարդակներում, ուստի կառավարման և տնտեսական հարաբերությունների վերահսկման գործում մեծ դեր է կատարում: Ըստ Transparency International կազմակերպության, Հայաստանը 2012թ.-ին առաջընթաց է գրանցել կոռուպցիայի ինդեքսի հարցում, սակայն կոռուպցիայի մակարդակը շարունակում է զգալի բարձր մնալ, ինչի արդյունքում երկիրը կոռուպցիայի մակարդակով 176 երկրների շարքում զբաղեցնում է 105-րդ տեղը: Զեկույցում նշվում է, որ «չնայած ընտրությունների և կուսակցությունների ֆինանսավորման հարցում օրենսդրական փոփոխություններին՝ կոռուպցիան կա´մ նույն մակարդակով է շարունակվում, կա´մ էլ ձևափոխվել է և այլ տեսքով է շարունակվում»:
Հայաստանի կառավարության հակակոռուպցիոն հիմնական ինստիտուտներն են «Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը» (որը գլխավորում է հանրապետության վարչապետը) և «Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովը», որը հիմնվել է 2004թ.-ին՝ հակակոռուպցիոն քաղաքականությունն ուժեղացնելու նպատակով: Արդյունավետ գործունեություն ծավալելու համար այս հակակոռուպցիոն մարմինը պետք է լինի. 1. ապաքաղաքական/անկողմնակալ, 2. քաղաքական ուժերից բացարձակապես անկախ գրասենյակ, 3. իր գործունեության մեջ ներգրավի Transparency International կազմակերպությանը:
Հայաստանի կառավարությունը Հակակոռուպցիոն ռազմավարություն և իրականացման գործողությունների պլան է ընդունել 2003թ.-ին, որը ներառում է կոռուպցիայի դեմ պայքարի կազմակերպչական և իրավական գործիքներ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են բանկային, հարկային, մաքսային, առողջապահական, կրթական, շրջակա միջավայրի պաշտպանության, լիցենզիաների տրամադրման, պետական գնումների, պետական կառավարման և դատական համակարգերը: Գործողությունների պլանն ընդունելուց հետո կառավարությունը վերանայել է իր ռազմավարությունը, և 2009-2012թ.թ. գործող Հակակոռուպցիոն ռազմավարությունը կենտրոնացած է օրենքների կիրարկման վրա՝ հատկապես հարկային և մաքսային ոլորտներում (որոնք համարվում են կոռուպցիայից ամենաշատ տուժած ոլորտներ): Ըստ նշված քաղաքականության, կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարության առաջնահերթություններից են փողերի լվացման դեմ պայքարի նպատակով օրենսդրության և ենթակառուցվածքների կատարելագործումը, պետական կառավարման ոլորտում թափանցիկության մեծացումը, ինչպես նաև կառավարության բոլոր ճյուղերի կողմից հաշվետու գործունեության ապահովումը: 2008թ.-ին ՀՀ Քրեական օրենսգիրքը փոփոխության է ենթարկվել՝ կոռուպցիայի դեմ պայքարի համար ավելի արդյունավետ մեխանիզմներ ապահովելու նպատակով: 2011թ.-ին որոշ նախարարություններում և պետական գործակալություններում կոռուպցիայի դեմ պայքարի միջոցառումներ են իրականացվել, մասնավորապես՝ անձնագրերի, ընկերությունների գրանցման և վարորդական իրավունքի ձեռքբերման նոր ընթացակարգեր են սահմանվել՝ նման փաստաթղթերի ձեռքբերման համար կոռուպցիոն սողանցքները վերացնելու նպատակով:
Փորձը ցույց է տալիս, որ չնայած վերը նշված նախաձեռնություններին, հակակոռուպցիոն քաղաքականությունը բավարար կամ արդյունավետ չէ: Չնայած, ըստ կառավարության, բարեփոխումները զգալի արդյունքներ են տալիս, 2011թ.-ին հրապարակված ԵԽ Կոռուպցիայի դեմ պայքարող երկրների խմբի (GRECO)՝ մեղադրանքների գնահատման զեկույցում նշվում է, որ Հայաստանը պետք է շարունակի օրենսդրության և դրա կիրարկման ուղղությամբ բարեփոխումները՝ ԵԽ Կոռուպցիայի վերաբերյալ Քրեական Օրենքի Կոնվենցիային համապատասխանելու նպատակով: Նշված բարեփոխումը Հայաստանին հնարավորություն կտա արտերկրի քաղաքացիների կողմից կաշառքի պահանջի և կաշառակերությանը վերաբերվող օրենքի խախտումները հետապնդել: Այդուհանդերձ, վերջին շրջանում Հայաստանում կաշառակերության համար ձերբակալված և պատասխանատվության ենթարկված պաշտոնյաների թիվն աճել է: 2011թ. նոյեմբերին վարչապետ Սարգսյանի նախաձեռնությամբ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ՝ հիմնականում գյուղատնտեսության, ֆինանսների, կրթության և առողջապահության նախարարություններից, ազատվել են իրենց զբաղեցրած պաշտոններից :
Հայաստանի պետական կառավարման համակարգի և բիզնեսների միջև առկա ամուր կապը կառավարությանը թույլ չի տալիս անկախ լինել: Օրենքով կառավարության պաշտոնյաներին թույլ չի տրվում ներգրավվել բիզնես գործունեության մեջ, սակայն իրական կյանքում նրանք հաճախ գործարար շահեր ունեն: Շատ ԱԺ պատգամավորներ և պետական պաշտոնյաներ սեփական ընկերություններ ունեն և բիզնես գործունեությամբ են զբաղվում:


Բեռնել ամբողջկական զեկույցը այստեղ