ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԹՎԻ ԱՆԿՈՒՄԸ /ՃԳՆԱԺԱՄԻ ԱԿՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ/



ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՀԱՅԵՐԸ ԼՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Օրենքի իշխանության պակասը

Օրենքի իշխանությունը ցանկացած հասարակության բարեկեցիկ կյանքի և ապահովության հիմնական պայմաններից մեկն է: Ճիշտ է, Հայաստանի պես զարգացող երկրներում կարող են օրենսդրական բացեր լինել, սակայն իրական խնդիրը ոչ թե օրենքին է վերաբերում, այլ դրա կիրառմանը: Հայաստանում հասարակությանն անհանգստացնող հիմնական խնդիրներից է կոռուպցիան, օրենքի անհամաչափ կիրարկումը և օրենքով ոչ հավասար պաշտպանվածությունը: Freedom House-ի 2012թ.՝ Հայաստանում քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների վերաբերյալ զեկույցում մասնավորապես նշվում է.

«Կոռուպցիան համարվում է իրավական համակարգի ամենամեծ հիմնախնդիրներից մեկը: 2008թ. հայտարարված կոռուպցիայի դեմ պայքարի հնգամյա ծրագիրը լուրջ առաջխաղացում չի ապահովել երկրում արմատացած կաշառակերության հարցում… Դատական համակարգը ենթարկվում է քաղաքական ճնշման գործադիրի կողմից, և ոլորտում առկա է խորը տարածված կաշառակերություն: Հանդիպում են ոստիկանության կողմից առանց համապատասխան փաստաթղթի կամայական ձերբակալության, հարցաքննության ժամանակ մարդկանց ծեծելու, ինչպես նաև խոստովանություն կորզելու նպատակով խոշտանգման դեպքեր»:

Դատական համակարգում և երկրի օրենսդիր մարմնում առկա ինստիտուցիոնալ թերությունների արդյունքում նախաքննության ընթացքում և դատարաններում տեղի են ունենում չարաշահումներ և մարդու իրավունքների խախտումներ: Հայաստանից Մարդու իրավունքների եվրոպական դատարանին (ՄԻԵԴ) ուղարկված դիմումների մեծ մասը վերաբերվում է Եվրոպական Կոնվենցիայի 6-րդ հոդվածին, որով երաշխավորվում է արդար դատաքննության իրավունքը: ՄԻԵԴ-ը վճիռներ է կայացրել, որոնցով Հայաստանի կառավարությունը պետք է փոխհատուցում կատարի այն անձանց, ովքեր տուժել են հիմնականում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ (խոշտանգումը բացառելու վերաբերյալ) և 5-րդ (ազատության և անվտանգության իրավունքի վերաբերյալ) հոդվածների պահանջների խախտման արդյունքում:

Օրենքի իշխանության հետ կապված խնդիրները հիմնականում վերաբերում են ներկայիս դատական և իրավապաշտպան համակարգում օրենքների կիրարկմանը: Քրեական նախաքննության փուլերը շատ խոցելի են կոռուպցիայի և ոստիկանության կողմից չարաշահումների տեսանկյունից, իսկ իրավաբանների դերը պաշտպանության գործընթացում սահմանափակված է: Քննչական մարմիններին իրավունք է վերապահված քննության ցանկացած փուլում կասկածյալին մեղադրանք առաջադրել, ինչի արդյունքում խիստ սահմանափակվում է դատապաշտպանների դերը, և թուլանում է պաշտպանությունը:


Բեռնել ամբողջկական զեկույցը այստեղ