ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԹՎԻ ԱՆԿՈՒՄԸ /ՃԳՆԱԺԱՄԻ ԱԿՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ/



ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՀԱՅԵՐԸ ԼՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Հայրենադարձությունը

Այս բաժնում ուսումնասիրվում և վերլուծվում են Հայաստանի կառավարության, մասնավորապես` Սփյուռքի նախարարության կողմից գործադրվող և հայրենադարձությունը խթանող ծրագրերը։ Ուսումնասիրությունն անդրադառնոււմ է ոչ միայն պետական քաղաքականությանն ու հանրային քննարկում-մոտեցումներին, այլ նաև ներկայացնում է հայրենադարձների փորձառությունն ու տեսակետները։

Թեև հայկական սփյուռքը դարերի պատմություն ունի, և այնպիսի հեռու տարածքներում, ինչպիսիք Եվրոպան, Միջին Արևելքը կամ Հնդկաստանն են, կազմակերպված հայկական համայնքներ վաղուց են ձևավորվել, այնուամենայնիվ, հայրենադարձությունը հայ քաղաքական մտքում համեմատաբար նոր գաղափար է։ Այս եզրույթի սահմանումը սերտորեն առնչվում է արտագաղթած կամ սփյուռքում հաստատված հայ հանրույթի հավաքական ինքնության գիտակցման հետ։ Ու թեև «հայրենադարձություն» եզրույթի սահմանումը դեռևս վիճարկվում է, սակայն դեռևս անցյալ դարի 30-ականներից Խորհրդային Հայաստանից դուրս գործող լրատվամիջոցներում գործածվում է սփյուռք հասկացությունը։ Այն բնութագրում էր արտագաղթի կամ աքսորի մեջ գտնվող հայ հավաքականությանը՝ նրանց, ովքեր 1915թ. ցեղասպանության արդյունքում կորցրել էին պատմական հայրենիքը։ Եվ սա է պատճառը, որ ցեղասպանության, ինչպես նաև նրա զոհ դարձած 1.5 միլիոն նահատակների կողքին հիշատակվում է նաև պատմական հայրենիքի կորուստը։

Սփյուռք հասկացությունը վերագրվեց աշխարհով մեկ սփռված և կազմակերպված հայկական բոլոր համայնքներին։ Այդ ընթացքում սփյուռքը կառույցներ էր հիմնում՝ դպրոցներ, եկեղեցիներ, համայնքային կենտրոններ, որոնք բոլորը հավաքական կերպով ծառայում էին մեկ միասնական՝ դեպի հայրենիք հնարավոր վերադարձի նպատակին։ Այս գաղափարախոսությունը կիսում էին սփյուռքի բոլոր հատվածները՝ անկախ գաղափարական, քաղաքական կամ համայնքներում ունեցած մարտավարական տարաձայնություններից ու այլ տարբերություններից։

Պատմական հայրենիք վերադառնալու վավերական հեռանկարն ու իղձը, որպես սփյուռքի գոյության հիմնական թիրախ, պահպանվեց մինչև անցյալ դարի 70-ականները՝ հետեղեռնյան երրորդ սերունդը։ Անշուշտ, Հայ Դատի համընդհանուր պայքարն առավել ակտիվացավ Հայոց ցեղասպանության 50-ամյա տարելիցի շրջագծում, և հայրենիք վերադառնալու գաղափար-երազանքն ավելի սևեռուն դարձավ։

Հայրենադարձության գաղափարը կոփվեց Խորհրդային Հայաստանում Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո։ 1921թ.-ին հաջորդած մի ամբողջ շրջան` ավելի քան քառորդ դար, փակ սահմաններից և ստալինյան ռեժիմի պայմաններում ներգաղթի հնարավորության բացառումից հետո այս գաղափարը վերածվեց քաղաքականության։ 1946թ. Սովետական Հայաստանի նախաձեռնած հայրենադարձությունը քաղաքականապես խոցելի էր, թերություններով գործադրված, սակայն այն պատմական նախադեպ ստեղծեց։ Հայրենադարձությունը դարձավ հնարավորություն, պահանջ և խնդիր միայն 1991թ.-ին` Հայաստանի անկախության ձեռքբերումից հետո։ Խնդրի շուրջ քննարկումներն ավելի վաղ էին սկսվել. 1988թ.-ի Ղարաբաղյան շարժման զարթոնքին շատերը հավատում էին, որ արդարությունը կհաստատվի, հայկական տարածքները հետ կվերադարձվեն, կմիավորվեն, ինչին, բնականաբար, կհաջորդի հայրենադարձությունը։

Հայաստանի անկախության առաջին տարիներին, հիմնականում տնտեսական պատճառներով, արտագաղթի լուրջ ծավալներ գրանցվեցին։ Հետագայում երկքաղաքացիության սահմանադրական և օրենսդրական ամրագրումը, նրա ձեռքբերման հնարավորությունն ու ավելի ուշ Սփյուռքի նախարարության ձևավորումը հայրենադարձության խնդիրը դարձրին քննարկման առարկա՝ այդպիսով այն ներմուծելով քաղաքական օրակարգ։

Այսօր հայրենադարձությունը Հայաստանին անհրաժեշտ է, նախ, ժողովրդագրական նկատառումներով։ 1991թ.-ից սկսած Հայաստանի ազգաբնակչության կտրուկ նվազումը լուրջ մտահոգության խնդիր է դարձել։ Ու թեև բազմաթիվ ուսումնասիրություններ վեր են հանել այն զանազան սոցիալական և տնտեսական պատճառները, որոնք խթանում են արտագաղթի ահագնացող տեմպերը, այդուհանդերձ, իրավիճակը կարոտ է այնպիսի արդյունավետ քաղաքականության գործադրման, որը կկասեցնի ներկա ընթացքը։

Կայուն տնտեսական աճին խոչընդոտում է օրենքի անհավասար կիրառումը, ինչը հետևանք է, չնայած դատական համակարգի գոյության, կոռուպցիայի, ծաղկող օլիգարխիայի և շուկայական արդար մրցակցության բացակայության։

Այս խնդիրները նախորդ քսան տարիների ընթացքում լրջորեն խոչընդոտել են հայրենադարձությանը։ Ինչպես և տեղի ազգաբնակչությունը, հնարավոր հայրենադարձները կամ հայրենիքում հաստատվածները բախվում են աշխատատեղերի պակասի, կրթական և առողջապահական խնդիրների, կոռուպցիայի, եկամտի համեմատ բարձր կենսապահովման գների, շուկայի ազատ մրցակցությունը խեղդող մենաշնորհների, ինչպես նաև երկրի վաղվա օրվա նկատմամբ վստահության պակասի հետ։ Վերադարձող հայերը նաև լուրջ լեզվական (արևմտահայերենի և արևելահայերենի), մշակութային խնդիրներ են ունենում` կապված անծանոթ գործարար միջավայրի և փորձառության, կոռուպցիոն ռիսկերով լի բարդացված հարկային և մաքսային օրենսդրության և այլ հարցերի հետ։ Հայրենադարձության համար, որպես լուրջ խոչընդոտ, ի թիվս տնտեսական և սոցիալական խնդիրների, պետք է դիտարկել նաև Հայաստանի ներքաղաքական կացությունը՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների, արդար ընտրությունների և, առհասարակ, ներկա քաղաքական մշակույթի և ավանդույթների հետ առնչվող իրողությունները։

2007 թվականին երկքաղաքացիության օրենսդրական ամրագրումից հետո շատերն էին հավատում, որ մեծ թվով սփյուռքահայեր կօգտվեն այս նոր իրավունքից։ Սակայն իրականում համեմատաբար փոքր թվով սփյուռքահայեր են ընդունել Հայաստանի քաղաքացիություն և ավելի քչերը` հաստատվել Հայաստանում։

Մինչդեռ թե´ ավանդական սփյուռքից, թե´ Հայաստանից անկախությունից հետո արտագաղթածների հայրենադարձությունը կարող է կասեցնել բնակչության նվազումը։ Հայաստան ներգաղթելու սփյուռքահայերի վերապահությունները հասկանալը, պատճառներն ուսումնասիրելն ու համապատասխան լուծումներ առաջադրելը կենսական առաջնահերթություն է Հայաստանի ապագայի համար։

Այս բաժնի ուսումնասիրության թիրախում են գտնվել և հարցումներին մասնակցել հայրենադարձներ Միջին Արևելքից՝ Սիրիայից, Լիբանանից և Իրաքից։

 

1991թ. սկսյալ հայրենադարձությանն առնչվող ծրագրեր, քաղաքականություն, մոտեցումներ

Թեև 1988-1991թ.թ. Հայրենիք-Սփյուռք հարաբերություններն աննախադեպ ակտիվ էին, սակայն նորանկախ պետության քաղաքական օրակարգում հայրենադարձության խնդիրը տեղ չգտավ՝ հակառակ ոմանց սպասումների և համոզմունքի։ Իհարկե, սփյուռքյան ներդրումները ողջունվում էին, սակայն հայրենադարձությունը չէր դիտվում` իբրև կարևոր քաղաքական խնդիր։ Հայրենադարձությանն, իբրև քաղաքական խնդրի, սկսեցին անդրադառնալ միայն 1990-ականների վերջերին։

Երկքաղաքացիության մասին հանրային քննարկումները նոր թափ ստացան 2005թ.-ին, երբ տեղի էր ունենալու Սահմանադրության բարեփոխումների հանրաքվեն։ Իսկ 2007թ.-ին ընդունվեց երկքաղաքացիության մասին օրենքը։ ՀՀ Սփյուռքի նախարարության կազմավորումից հետո  Հայաստան-Սփյուռք հարաբերություններում հայրենադարձության թեման առավել  շոշափելի դարձավ: Դա համընկավ նաև երկու հանգուցային իրողությունների հետ. դրանք են, նախ, 2007-2009թ.թ. համաշխարհային ֆինանսական ճգնաժամն ու  Հայաստանի ներքաղաքական ճգնաժամը, և ապա՝ ընթացող սիրիական հակամարտությունը և տեղի հայ համայնքի դժվարությունները։ Այս ուղղությամբ Սփյուռքի նախարարության ամենաշոշափելի աջակցությունը սփյուռքահայերին անձնագրերի տրամադրման բյուրոկրատական ընթացակարգերի դյուրացումն էր, հատկապես` պատերազմական հակամարտության մեջ հայտնված սիրիահայերի համար նախատեսված պարզեցված ընթացակարգերը։ Այսուհանդերձ, դժվար է կանխատեսել, թե հայրենադարձությունը ինչ թափ կունենա, թեև քաղաքացիության դիմումների ծավալների որոշակի աճ կա։

Երկքաղաքացիությունից` հայրենադարձություն

Հակառակ այն ոգևորությանը, որով ընդունվեց Երկքաղաքացիության մասին օրենքը,  սփյուռքահայությունն անմիջապես չշտապեց դիմումներ ներկայացնել։

Օրենքը նաև ենթադրում էր ընթացակարգեր, որոնք չէին ընդունվել մինչև 2008թ.-ի ապրիլը։ Նաև բարդ և խրթին  ընթացակարգերը չէին քաջալերում  սփյուռքահայերին քաղաքացիության դիմումի հայտեր ներկայացնել։ Հստակ չէր, թե արդյոք Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունները համայնքներում հավելյալ աշխատանք տանելու, դիմորդներին քաջալերելու և խորհրդատվական աջակցություն ցուցաբերելու հստակ ցուցումներ ունե՞ն, թե՞ ոչ ։  Ըստ էության, քաղաքացիության դիմումի ընթացակարգը հստակեցնող օրենսդրական լրացումները, մասնակիորեն նաև Սփյուռքի նախարարության միջամտությամբ,  ներկայացվեցին 2010թ.-ի ապրիլին (օրինակ՝ ներկայումս  բավարար են համարվում հայկական ծագման վերաբերյալ նախնական հիմնավորումները)։ Ըստ ՀՀ Սփյուռքի նախարարության աղբյուրների, մինչև 2012 թվականը երկքաղաքացիություն ստացած քաղաքացիների թիվը հասնում է 15 000-ի։

Երեք հանգամանքով է բացատրվում 2011-2012թ.թ. երկքաղաքացիության նկատմամբ հետաքրքրությունն ու դիմումների թվի աճը։ Նախ, կազմավորվեց ՀՀ Սփյուռքի նախարարությունը, որն սկսեց ակտիվորեն զբաղվել երկքաղաքացիության խնդիրներով՝ ծավալելով նաև հայրենադարձության մասին քննարկումներ։ Նախարարությունը Հայաստանում հաստատված սիրիահայ փախստականների  համար  շոշափելի աշխատանք տարավ` հատուկ  նրանց համար բացելով միջնակարգ դպրոց, ի թիվս այլ խնդիրների  դյուրացնելով կրթական և առողջապահական ծառայությունները։

Երկրորդ հանգամանքը վերաբերում է հայաստանյան տնտեսության մեջ սփյուռքահայերի ներուժն ընդգրկելու ուղղությամբ կառավարության պատրաստակամությանը։ 2011թ. տնտեսական բարեփոխումները խթանեցին 2012թ.-ին Հայաստանի տնտեսության մեջ Սփյուռքի մասնակցության չափաբաժնի աճին։ 2011թ. սեպտեմբերին Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված Հայաստան-Սփյուռք համաժողովը սփյուռքահայ ներդրողներին ՀՀ կառավարությանն ուղերձներ փոխանցելու առիթ դարձավ։

Երրորդ գործոնը պայմանավորված է Միջին Արևելքի համայնքներում՝ Եգիպտոսում, Սիրիայում և Լիբանանում արաբական գարնան արդյունքում ստեղծված կացությամբ (չնայած 2006-2007թ.թ. իրաքահայերի հայրենադարձությունը կազմակերպելու կամ ուղղորդելու՝ Հայաստանի կառավարության ջանքերը ձախողվել էին)։ Սիրիական հակամարտությունը  լրջորեն հարվածեց Հալեպի, Դամասկոսի, Դեր Զորի և Սիրիայի այլ շրջանների հայությանը։ Բնականաբար, երկքաղաքացիության ամենամեծ պահանջարկը ձևավորվեց Սիրիայում։ 2012թ.-ի ամռանը  պատերազմից փախածների մեծ հոսքի արդյունքում կառավարությունը նոր փոփոխություն մտցրեց երկքաղաքացիության տրամադրման գործող ընթացակարգում՝ թույլ տալով դեսպանատներին  զբաղվել սիրիահայերի երկքաղաքացիության խնդիրներով։ Հետագայում այս մոտեցումը տարածվեց նաև լիբանանահայերի վրա` հավանաբար այն կանխատեսմամբ, որ հակամարտության ալիքը կտարածվի Սիրիայի սահմաններից դեպի Լիբանան։ Սիրիահայերի համար մի շարք արտոնություններ  սահմանվեցին, և ըստ ՀՀ Սփյուռքի նախարարի, անցած վեց ամիսների ընթացքում շուրջ 5 000 սիրիահայեր երկքաղաքացիություն են ստացել։

Հայրենադարձների չորս թիրախային խմբերի մոտեցումները և տեսակետները

Միջին Արևելքից հայրենադարձված 22 սփյուռքահայերից բաղկացած չորս թիրախային խմբերի հետ կազմակերպված քննարկումը նպատակ ուներ հասկանալու, թե ինչ հիմնական ազդակներ են նրանց մղել հայրենադարձության, նաև պարզելու այն իրողություններն ու հանգամանքները, որ կդրդեն նրանց շարունակել մնալ հայրենիքում կամ հեռանալ։

Հարցմանը մասնակցած սփյուռքահայերի մեծամասնությունը հայրենադարձվել է մինչև սիրական հակամարտությունը, իսկ հարցվածներից հինգը՝ պատերազմի արդյունքում։

ՈՒսումնասիրությունն ուղղված էր գործարար ներդրումների հնարավորությունների բացահայտմանն ու այդ ուղղությամբ լուծումներ գտնելուն: Մասնակիցներից ոմանք ուսանողներ էին, ոմանք էլ համապատասխան մասնագիտական աշխատանքներ ունեին տարբեր  կազմակերպություններում։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Միջին Արևելքի հայ համայնքները  միջին ձեռներեցության և արհեստների լուրջ ավանդույթներ ունեն, հարցվածներից ոմանք էլ ներկայացնում էին ծառայությունների և սպասարկման ոլորտը։

22 հարցվածների տվյալները.

Հարցախույզի (ուսումնասիրության) համար մի քանի հիմնական ուղղություններ են առանձնացվել, որոնցից մեկը զբաղվածությունն է.

Ուսումնասիրության երկրորդ ուղղությունը վերաբերում էր հայրենադարձության մոտիվացիային և տեղափոխության հանգամանքներին.

Հարցումների երրորդ շարքը կատարվել  է ինտեգրման գործընթացներին վերաբերող տեսակետները պարզելու համար.

Հարցումների չորրորդ խումբը վերաբերում է կայունությանն ու բիզնեսի հնարավորություններին:

Հարցին, թե ինչը հնարավոր և առարկայական կդարձնի Հայաստանում հաստատվելու ընտրությունը, 32%-ը պատասխանել է՝ արդար հարկային համակարգը, 32%-ը՝ աշխատատեղերն ու բարձր աշխատավարձը, 5%-ը՝ լավ ներդրումները, 23%-ը՝ ավելի լավ սոցիալ-մշակութային պայմանները, 18%-ը չի կարողացել պատասխանել։

Հարցին, թե հայրենադարձների երկրորդ սերնդի համար Հայաստանը   կարո՞ղ է  կայուն զարգացում  ապահովել, 54%-ը պատասխանել է՝ այո, 27%-ը՝ ոչ, 14%-ը՝ հնարավոր է։

Իրենց ընդհանուր մեկնաբանություններում հարցվածները գտնում են, որ երկիրն ավելի կբարգավաճի և առաջընթաց կունենա, եթե վերանան մշակութային զանազանությունները։ Հիմնական մասը նշում է, թե որքան Հայրենիքն է զգում սփյուռքի կարիքը, նունքան էլ սփյուռքն է զգում հայրենիքի կարիքը։ Ոմանք  դժգոհում են կաշառակերությունից և կառավարության կողմից վարվող տնտեսական հստակ քաղաքականության բացակայությունից։ Ոմանք գտնում են, որ Հայաստանը վերածվել է ծառայություններ մատուցող (ռեստորաններ, սրճարաններ, հյուրանոցներ, վերավաճառողներ) երկրի՝ չկարևորելով սեփական տնտեսական հզորությունների զարգացումը, ինչը, այլ խնդիրների լուծում տալով, կապահովեր նաև լրացուցիչ աշխատատեղեր։ Որպես գործարարության զարգացման լրջագույն խոչընդոտ` նշվում է նաև հարկային համակարգը, ինչը սփյուռքյան ներդրումները խթանելու փոխարեն, բարձրացնում է հարկերը և հարցականի տակ դնում  նոր բիզնես սկսելու նպատակահարմարությունը։

Դեպի  հաջողված  հայրենադարձություն

Հայրենադարձությունը պետք է դիտարկել միաժամանակ թե՛ որպես սոցիալական և թե՛ քաղաքական խնդիր։ Մի կողմից պետք է լինի հայրենադարձության քաղաքական կամք, մյուս կողմից պետք է ստեղծել այնպիսի պայմաններ և միջավայր, որոնք կդրդեն մեր հայրենակիցներին տեղափոխվելու Հայաստան  և նոր կյանք սկսելու։

Այս գլխում նկարագրված հարցումների ընթացքում Միջին Արևելքից հայրենադարձների տված պատասխաններից հստակ կերպով երևում է, որ Հայաստան տեղափոխվելու  նրանց հիմնական հիմնավորումն ու պատճառը Հայրենիքի իրողության գիտակցումն է, այլ ոչ թե իրենց երկրի անկայունությունը կամ կյանքի պայմանների բարելավումը։

Ինչևէ, զուտ զգացական չէ նրանց որոշումը, որովհետև մինչ Հայաստան տեղափոխվելը նրանց մեծամասնությունն ուսումնասիրել է կացությունն ու ընթացակարգերը։

Իբրև առաջին երաշխավորություն, կարծում ենք, անհրաժեշտ է  հզորացնել, սնել Հայրենիքի գաղափարը և, հետևաբար, այս մոտեցումը դիտել` որպես Հայաստանում հաստատվելու հիմնական պատճառ։ Միաժամանակ պետությունը պարտավոր է դյուրացնել հայրենադարձության գործընթացներն ու բոլոր միջոցներով կյանքի կոչել այդ նպատակին ծառայող ծրագրերը:

Հասկանալի է, որ Միջին Արևելքից հայրենադարձները լեզվական խոչընդոտներ գրեթե չեն տեսնում ինտեգրման գործընթացում։ Սակայն աշխատատեղերի և բարձր աշխատավարձերի սահմանափակությունը դիտվում է` իբրև  խոչընդոտ Հայաստանում հաստատվելու ամուր որոշում ընդունելու ճանապարհին։ Որպես հիմնական խնդիր նշվում է հարկային ծանր քաղաքականությունը, կաշառակերությունը և հստակ պլանավորված տնտեսական քաղաքականության բացակայությունը։

Երկրորդ երաշխավորությունը հասցեագրվում է  կառավարությանը, որը հայրենադարձությանն աջակցելու համար պիտի սահմանի հիմնական առաջնահերթություններ՝ լուծելով բնակարանային, զբաղվածության, արժանապատիվ աշխատավարձերի խնդիրները։ Պետության խնդիրն է նաև պարզեցնել հարկային քաղաքականությունն ու թեթևացնել հարկային բեռը` նպաստավոր պայմաններ ստեղծելով գործարար միջավայրի և տնտեսության արդյունաբերական  ճյուղերի զարգացման համար։

 


Բեռնել ամբողջկական զեկույցը այստեղ