ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԹՎԻ ԱՆԿՈՒՄԸ /ՃԳՆԱԺԱՄԻ ԱԿՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ/



ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՀԱՅԵՐԸ ԼՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Օրինակներ Հայաստանի համար

Ներգաղթի միջոցով Իսրայելի զարգացման փորձի ուսումնասիրությունը կարող է բացահայտել Հայաստանում համապատասխան փորձի կիրառման հնարավորությունները: Իհարկե, երկրների միջև առկա են բազմաթիվ տարբերություններ՝ պատմություն, պետական կառավարման որակ, օրենքի գերակայություն, տնտեսական հնարավորություններ և այլն: Այնուամենայնիվ, կան նաև նմանություններ, ինչպիսիք են շրջապատող երկրների կողմից պատմականորեն թշնամանքի և ռազմական ուժի կիրառման հակվածությունը, անապահով աշխարհաքաղաքական տարածաշրջանները, պատմական ողբերգությունները, որ երկու երկրներում էլ միավորում է ընդհանուր գաղափարներ և նպատակներ կիսող, ողջ աշխարհով տարածված սփյուռքին: Այդ իսկ պատճառով Իսրայելի փորձի հետ համեմատությունները կարող են Հայաստանի համար օրինակ ծառայել՝ հայրենադարձության միջոցով երկրի զարգացումը խրախուսելու ճանապարհին:

Իսրայելի պետականությունը և հայրենադարձությունը

Իսրայելն անկախացել է 1948 թվականի մայիսի 14-ին, սակայն անկախ պետության ձևավորման ու հայրենադարձության կազմակերպման հիմքերը դրվել են շատ ավելի վաղ: Ի սկզբանե հայրենադարձությունն Իսրայելի պետության հաջողության հիմնաքարն է եղել:

Իսրայելի Արտաքին գործերի նախարարության տվյալների համաձայն՝ 1948-1951թ.թ. երկիր է ներգաղթել մոտ 687 000 մարդ: Տասը տարվա ընթացքում Իսրայելի բնակչության թվաքանակը կրկնապատկվել է՝ 1960թ.-ին կազմելով 2 150 000, մինչդեռ 1949թ.-ին այն ընդամենը 1 174 000 էր: Քանի որ ներգաղթյալների մեծ մասն արաբական երկրներից ժամանած, գոյատևելու միջոցներ և բնակվելու վայր չունեցող փախստականներ էին, Իսրայելի կառավարությունը ստեղծել էր բնակարանով ապահովելու ծրագրեր և քաղաքացիություն էր շնորհում երկիր ժամանած բոլոր հրեա ներգաղթյալներին:

Ամուր հիմք և արդյունավետ քաղաքականություն

Ի տարբերություն անկախացման փուլում խորը սոցիալական և տնտեսական խնդիրների առաջ կանգնած բազմաթիվ այլ երկրների, Իսրայելն անմիջապես կարողացավ մշակել արդյունավետ քաղաքականություն և կառուցել ոլորտները կարգավորող ինստիտուտներ: Սփյուռքի կողմից արված ֆինանսական խոշոր ներդրումներն ուղղված էին գյուղատնտեսության բարեփոխումների, ինչպես նաև ջրամատակարարման և ոռոգման համակարգերի կառուցման նախագծերի իրականացմանը:

1951թ.-ին տեղի ունեցած Համաշխարհային Սիոնիստական Համաժողովի շրջանակներում հրեական սփյուռքի ներկայացուցիչները պատրաստակամություն հայտնեցին՝ աջակցելու Իսրայել ներգաղթածների ընդունման գործընթացին: Մինչ օրս էլ Իսրայելն աշխարհում միակ երկիրն է, որ ունի ներգաղթյալների ընդունման հարցերով զբաղվող նախարարություն, որը ղեկավարում է ներգաղթյալների ժամանման և տեղի կյանքին հարմարվելու ողջ գործընթացը: Իսրայելն աշխատում է ներգաղթյալների հետ այն պահից սկսած, երբ վերջիններս ցանկություն են հայտնում վերադառնալ իրենց հայրենիք: Երկիրն աջակցում է հայրենադարձներին աշխատանքի և բնակավայրի որոնման հարցերում, ինչպես նաև օգնում է ամբողջապես ներգրավվել հայրենիքի սոցիալական և մշակութային կյանքում:

Անկախացման առաջին տասնամյակի ընթացքում Իսրայելի կառավարությունը կարողացավ կազմակերպել ներգրավված ռեսուրսների տեղաբաշխումը և ներդրումներ կատարել կապիտալ ակտիվների մեջ, որպեսզի բարելավվի երկրի ենթակառուցվածքը և հիմք ստեղծվի նորարարական տնտեսական զարգացման համար: Չնայած աննախադեպ ներգաղթին և պատերազմական իրավիճակին՝ կառավարությանը հաջողվեց հասնել իր նպատակներին:

Հետևողական քաղաքականության, ժողովրդավար կառավարության, ինչպես նաև արդյունավետ ենթակառուցվածքներ և ինստիտուտներ ստեղծելու միջոցով Իսրայելի տնտեսությունը կտրուկ վերելք ապրեց: Ներկայումս Իսրայելը համարվում է տնտեսության առավել նորարարական և առաջատար ճյուղեր ունեցող երկրներից մեկն աշխարհում:

2005թ.-ին Իսրայելի կառավարությունն ընդունեց Գերագույն Պլանը, որով նախատեսվում էր մինչև 2020 թվականը հասնել հետևյալ ժողովրդագրական նպատակներին՝

Հրեաների հաջողված հայրենադարձությունը դեպի հայրենի երկիր և Իսրայելի հզոր պետության կառուցումը հնարավոր դարձավ բարձր մակարդակ ունեցող մարդկային կապիտալի ներգաղթի և շարունակական զարգացման շնորհիվ: Նշված գործընթացը պահանջում էր նաև լավ կառավարում, հսկայական ներդրումներ սփյուռքի կողմից և, որ ամենակարևորն է, ներդրումների թիրախային և արդյունավետ տեղաբաշխում: Նման թափանցիկ և արդյունավետ քաղաքականության իրականացումն իր հերթին նպաստեց կայուն և շարունակական նվիրատվությունների ու ներդրումների ներհոսքին: Լավ պլանավորված ռազմավարական մոտեցումը, գրագետ քաղաքականությունը և արդյունավետ կառավարումը դարձան Իսրայելի հաջողության գրավականը:

Հայաստանը և Իսրայելը. նմանություններ և տարբերություններ

Թեև երկու երկրների միջև կան բազմաթիվ տարբերություններ, որոշ նմանություններ թույլ են տալիս կիրառել Իսրայելի փորձը Հայաստանի հետագա զարգացման գործընթացում:

Հիմնական նմանությունները հետևյալն են.

Ա. Կոնֆլիկտային իրավիճակ. Ե՛վ Հայաստանը, և՛ Իսրայելը գտնվում են հակամարտության գոտիներում, և անկախության առաջին իսկ օրվանից երկու երկրներում էլ քաղաքական անկայունություն է տիրում: Բանակի և ռազմական տեխնիկայի ապահովման ծախսերը երկու երկրներում էլ պետական բյուջեի զգալի մասն են կազմում: Սակայն այս համատեքստում Հայաստանի և Իսրայելի միջև հիմնական տարբերությունը նրանում է, որ Հայաստանը չունի սպառազինության տեղական արտադրություն, մինչդեռ Իսրայելն արտադրում է  նոր սերնդի զենքեր և  ի վիճակի է լավ զինելու իր բանակը:

Բ. Ռեսուրսների սակավություն և փոքր տարածք. Ի տարբերություն Իսրայելի, որն արտասահմանից է հումք ներմուծում և այն վերածում վերջնական սպառման ապրանքների, Հայաստանը արտահանում է հումքը (մեծամասամբ`  հանքարդյունաբերության ռեսուրսներ) այլ երկրներ:

Գ. Մեծաքանակ սփյուռք. Իսրայելի անկախության հռչակումից ի վեր, հատկապես Հայրենադարձության վերաբերյալ օրենքի ընդունումից հետո շատ հրեաներ վերադարձան իրենց պատմական հայրենիք: Ունենալով 20 770 կմ² տարածք` Իսրայելի բնակչությունը 7,7 մլն. մարդ է կազմում, մինչդեռ ՀՀ 29 743 կմ² տարածքում բնակչության թիվը 3 միլիոնից քիչ է: Իսրայելի և Հայաստանի միջև գլխավոր տարբերություններից է պետության և սփյուռքի համագործակցության մակարդակը: Հրեական սփյուռքն ակտիվորեն համագործակցում է պետության հետ և զգալի ներդրումներ է կատարում Իսրայելի տնտեսության մեջ: Այդ փաստին հակառակ` հայոց պետության և սփյուռքի համագործակցությունը սահմանափակվում է միայն սփյուռքի կողմից իրականացվող բարեգործական ծրագրերով:

Իսրայելի տնտեսությունը զգալիորեն զարգացել է`  շնորհիվ հրեաների համագործակցության և աջակցության: Սփյուռքի ներդրումները միայն նյութական բնույթ չեն կրում: Երբ օտարերկրյա կազմակերպությունները կատարում են նպատակային ներդրումներ, նրանք նպաստում են նոր տեխնոլոգիաների, գործարար միջավայրի զարգացմանը, բնակչության մասնագիտական վերապատրաստմանը, ինչպես նաև` իրենց հետ նոր փորձ և որակ են բերում: Այդ կապերն ու գործարար լավագույն փորձը լայն տարածում են գտնում տեղի շուկայում: Եթե նույնիսկ տարիներ անց այդ կազմակերպությունները դադարեցնում են իրենց գործունեությունը, նրանց փոխարեն շուկայում հայտնվում և հաստատվում են միանգամայն նոր կազմակերպություններ, որոնք արդեն իսկ ունենում են պատրաստի կադրեր և շուկայական կապեր:

Հայաստանի դեպքում սփյուռքի մասնակցությունն ազգային տնտեսության մեջ սահմանափակվում է միայն ֆինանսական աջակցությամբ և բարեգործական ծրագրերով: Շատերն, այդպիսով, պատրաստ են օգնել երկրի զարգացմանը, սակայն Հայաստանի համար դա մարդկային կապիտալի զարգացման գործոն չի կարող հանդիսանալ, քանզի Հայաստանը չի օգտագործում սփյուռքից բարձր և միջին օղակների հմուտ մասնագետներ ներգրավելու պոտենցիալը: Աշխարհի տարբեր երկրներում ապրող հայերի մասնագիտական փորձը, ի դեմս նրանց ներդրումների փոքր և միջին ծավալի ծրագրերում, կարող էր զգալիորեն զարգացնել և նորարարական շունչ հաղորդել Հայաստանի տնտեսությանը: Այս արդյունքին հնարավոր է հասնել, և այն իրատեսական է, սակայն Հայաստանը կկարողանա լիովին օգտագործել սփյուռքի ներուժը միայն օրենքի իշխանություն ապահովելու դեպքում:

Սփյուռքի` Հայաստանի տնտեսությունում ներդրումներ կատարելուց զերծ մնալը պայմանավորված է հիմնականում գործարար միջավայրի և օրենքի գերակայության խնդիրներով: Թեև Հայաստանի կառավարությունը վերջին երեք տարվա ընթացքում մի շարք բարեփոխումներ է իրականացրել գործարար ոլորտը բարելավելու նպատակով, այնուամենայնիվ,  դեռևս բազմաթիվ չլուծված խնդիրներ կան: Հայաստանում ներդրումներ կատարելու մեկ այլ խոչընդոտ են համարվում պետական մարմինների ներկայացուցիչների կողմից հաճախ արհեստականորեն ստեղծված բարդությունները: Օրինակ, արտասահմանցի կամ սփյուռքահայ ներդրողը երբեք չի հասկանա, թե ոստիկանական համակարգի ներկայացուցիչը ինչ գործ կարող է ունենալ կազմակերպության կամ մասնավոր ընկերության հարկային հաշվետվությունների հետ: Հարկային մարմինների ներկայացուցիչների՝ ստուգումների նպատակով առանց նախապես տեղեկացնելու հաճախակի այցելությունները վատ են անդրադառնում ընկերությունների գործունեության վրա, ինչպես նաև խիստ բացասական ազդեցություն են թողնում ներդրումային միջավայրի վրա: Որպես օրինակ կարելի է նշել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ստացած բազմաթիվ  բողոքները, որոնք ահազանգում են Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների կողմից հաճախակի այցելությունների և  ոչ պլանային ստուգումներ անցկացնելու վերաբերյալ: Նշված խնդիրները լուծելու համար Հայաստանի կառավարությունը պետք է ավելի արդյունավետ կերպով շարունակի բարեփոխումները՝ նման անընդունելի գործողությունները բացառելու և Հայաստանի ներդրումային մթնոլորտը գրավիչ դարձնելու նպատակով:

Հայաստանի տնտեսության մեջ սփյուռքի կողմից ուղղակի կատարված ներդրումներն իրենց հետ կբերեն նոր բարեգործական ծրագրեր, մասնագիտական փորձ, շուկայական կապեր և այլ հնարավորություններ: Որպեսզի հնարավոր լինի այս նպատակին հասնել, սփյուռքի ներկայացուցիչները պետք է վստահ լինեն, որ Հայաստանում իրենց ներդրումը պաշտպանված է, իսկ բարեգործական նպատակներով հատկացված նվիրատվությունը ծառայում է բուն նպատակին: Ֆինանսական միջոցների անարդյունավետ օգտագործումը և ներդրումների պաշտպանության երաշխիքի բացակայությունը կարող են հանգեցնել ընթացիկ ծրագրերի կասեցման և հետագա ծրագրերի խափանման:

Իսրայելի մոդելը` որպես օրինակ կիրառելու հնարավորությունը

Իսրայելի փորձից ելնելով՝ ներքոնշյալ առաջարկությունները կարող են կիրառելի լինել Հայաստանի համար:

ա. Տնտեսական աճ

Քանի որ Հայաստանը չունի բնական ռեսուրսների հարուստ պաշարներ, պետք է զարգացնի նորարարական, գիտելիքահենք տնտեսություն, որի նպատակն է օգտագործել նոր գաղափարներ, տեխնոլոգիաներ և ներդրումներ: Այս ամենին կարելի է հասնել միայն կառավարման և գործարար համակարգերի արդյունավետության բարձրացման միջոցով, ինչն իր հերթին կարող է ներքին տնտեսությունը գրավիչ դարձնել սփյուռքի և օտար ներդրողների համար: Ի լրումն, անհրաժեշտ է նաև ազգային տնտեսությունը զերծ պահել շուկայում մենաշնորհների ձևավորումից և զարգացնել արտահանումը:

բ. Գործարար միջավայրի բարելավում

Հայաստանը պետք է բարելավի ներքին գործարար միջավայրը, որն իր հերթին կնպաստի փոքր և միջին ձեռնարկությունների աճին, ինչպես նաև՝ սփյուռքի կողմից ներդրումների հոսքի ապահովմանը: Նշված նպատակին հասնելու համար անհրաժեշտ է՝ 1) բարեփոխումներ իրականացնել հարկային և մաքսային համակարգերում, 2) խրախուսել ներքին արտադրողների հանդեպ բարյացկամ վերաբերմունքը,  3) շարունակել օրենքների և բիզնեսների գործունեության համար անհրաժեշտ տեղեկատվական և այլ ծառայությունների կենտրոնացված համակարգի ստեղծումն ու հետագա արդյունավետության ապահովումը:

գ. Ենթակառուցվածքներում ներդրումներ

Հայաստանը ենթակառուցվածքներում ներդրումների մեծ կարիք ունի: Ո՛չ կոնֆլիկտային իրավիճակը, ո՛չ էլ ճգնաժամը չեն արդարացնում այն փաստը, որ տրամադրվող վարկային միջոցներն անմիջական սպառողական բնույթ են կրում, այնինչ նրանք պետք է ուղղված լինեն ենթակառուցվածքային ծրագրերի իրականացմանը: Նույնիսկ երկրի համար ամենաբարդ ժամանակներում Իսրայելը հսկայական դրամական հոսքեր է ուղղել իր ենթակառուցվածքները բարելավելուն՝ երկիրն ապահովելով երկարաժամկետ ակտիվներով: Հայաստանի ենթակառուցվածքները, մասնավորապես՝ ջրամատակարարման, էլեկտրաէներգիայի, կոյուղու, ավտոճանապարհների և հեռահաղորդակցության ոլորտները բարելավման կարիք ունեն: Այս նպատակով կատարվող ներդրումները միայն որոշ չափով են հասանելի և տրամադրվում են հիմնականում սփյուռքի նվիրատվությունների և միջազգային կազմակերպությունների տրամադրած վարկերի տեսքով: Ֆինանսական ներհոսքի և տնտեսության ակտիվացման իրական շարժիչ ուժ կարող են դառնալ փոքր և միջին բիզնեսի կողմից ազգային արտադրության զարգացման ծրագրերը: Ներդրումային ծրագրեր իրականացնելու նպատակով Հայաստանի և սփյուռքի միջև համագործակցությունն արդյունավետ կլինի միայն այն դեպքում, երբ Հայաստանը վերացնի կոռուպցիան և ներմուծման մենաշնորհը: Ներդրումային միջավայրը գրավիչ դարձնելու համար անհրաժեշտ է այնպիսի քաղաքականություն և համակարգի ձևավորում, որի միջոցով սփյուռքի կողմից կատարված ներդրումները և նվիրատվությունները կծառայեն իրենց բուն նպատակին:

դ. Հայրենադարձության խրախուսում

Հետևելով Իսրայելի Սփյուռքի նախարարության օրինակին՝ Հայաստանի Սփյուռքի նախարարությունը կարող է մշակել հայրենադարձությունը խրախուսող ծրագրեր: Թեև ռեսուրսները կարող են չբավարարել բնակարանային շինարարության և այլ ոլորտներում զանգվածային ներդրումներ կատարելու համար, նախարարությունը կարող է ներգաղթային համայնքային կենտրոններ ստեղծել և մշակել հատուկ ներգաղթային և հայրենի երկրում հարմարվելուն ուղղված ծրագրեր: Նման կենտրոնները կարող են ծառայել որպես առաջնային տեղեկատվական կենտրոններ հայրենիք վերադարձած հայերի համար, ինչը նրանց կօգնի հարմարվելու տեղի կյանքին և մշակույթին: Այս գործընթացն առավել արդյունավետ դարձնելու համար վերոհիշյալ համայնքային կենտրոնները կարող են անվճար ինտերնետ, հարակից ծառայություններ, ինչպես նաև` խորհրդատվական աջակցություն առաջարկել հայրենիք վերադարձած հայերին: Նախարարությունը կարող է նաև համագործակցել աշխատանքի տեղավորման գործակալությունների հետ և ունենալ աշխատատեղերի բազա հայրենիք վերադարձած սփյուռքահայերի համար:

ՀՀ Սփյուռքի նախարարության հետ համագործակցող բարեգործական կազմակերպությունները, որոնցից են ՀԲԸՄ-ն և Համահայկական Հիմնադրամը, պետք է ներգրավվեն Հայաստանում նման քաղաքանության մշակման և իրագործման գործում: Նման կազմակերպությունները պետք է ոչ թե պարզապես ֆինանսավորեն պետության կողմից ներկայացվող ծրագրերը, այլ ներդրումներ կատարեն երկրի համար երկարաժամկետ արդյունքներ ապահովող ծրագրերում: Դպրոցների կառուցման ծրագրերը պետք է հովանավորվեն այնպիսի ծրագրերի հետ համատեղ, որոնք միտված են բնակչության պահպանմանը և զարգացմանը:

 


Բեռնել ամբողջկական զեկույցը այստեղ