ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԹՎԻ ԱՆԿՈՒՄԸ /ՃԳՆԱԺԱՄԻ ԱԿՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ/



ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՀԱՅԵՐԸ ԼՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Արտագաղթի պատճառների վերաբերյալ քննարկում Երևանի Ռոտարի Ակումբում

2013թ. նոյեմբերի 13-ին «Հայաստանի բնակչության թվի անկումը. ճգնաժամի ակունքները և դրանց հաղթահարման ուղիները» զեկույցը հեղինակած խմբի մասնակիցները Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանից հանդիպեցին Երևանի Ռոտարի ակումբի անդամների հետ և ներկայացրեցին հետազոտության արդյունքները: Միջոցառման մասնակիցների շարքում էին ՀՀ կառավարության, բիզնես ոլորտի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հետազոտությունն իրականացրած խմբի ներկայացուցիչները միջոցառման մասնակիցներին ներկայացրեցին ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության և Համաշխարհային բանկի կողմից հրապարակված՝ Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ տվյալները: Միջոցառման մասնակիցները ծանոթացան հետազոտության մեթոդաբանության, ինչպես նաև տարբեր աղբյուրների կողմից հրապարակված տվյալների միջև առկա տարբերության հետ:

Հետազոտական խմբի ներկայացուցիչները քննարկման մասնակիցներին ներկայացրեցին Իսրայելի փորձը՝ ներգաղթի և հայրենադարձության կազմակերպման ոլորտում: Ռոտարի ակումբի ներկայացուցիչները մեծ հետաքրքրքություն ցուցաբերեցին երկու երկրների միջև առկա ընդհանրությունների և տարբերությունների հանդեպ, ինչպես նաև քննարկեցին Իսրայելի փորձի որոշ բաղկացուցիչներ՝ Հայաստանում կիրառելու և ավելի արդյունավետ հայրենադարձության քաղաքականություն իրականացնելու նպատակով: Ակումբի ներկայացուցիչները հետազոտական խմբին առաջարկեցին ուսումնասիրել Իռլանդիայի՝ ներգաղթի կազմակերպման փորձը նույնպես:

Երևանի Ռոտարի ակումբի անդամները և հետազոտական խմբի ներկայացուցիչները հանդես եկան առաջարկություններով և քննարկում ծավալեցին այնպիսի հարցերի շուրջ, որոնք կարող են բարելավել Հայաստանի բիզնես մթնոլորտը, ապահովել օրենքի իշխանություն, կասեցնել արտագաղթը և մարդկանց ներհոսք ապահովել դեպի երկիր: